Բաժիններ՝

«Նորից սկսելու ենք դեպի Դադիվանք ուխտագնացությունները». Արցախի ԿԳՄՍ նախարար

Այսօր խորհրդարանում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ հրավիրված «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարար Լուսինե Ղարախանյանն ասաց, որ այսօր հայկական կողմը՝ ի դեմս Ադրբեջանի, գործ ունի չափազանց ագրեսիվ հարևանների հետ, որոնց հետ հաղորդակցվելը չափազանց դժվար է։

«Ռուս խաղաղապահների շնորհիվ այսօր մենք պահում ենք Դադիվանքը և այնտեղ ունենք վեց հոգի հոգևոր սպասավորներ։ Այս պահին ժամանակավորապես դադարեցված են ուխտագնացությունները դեպի Դադիվանք, սակայն մենք նորից վերականգնելու ենք դա։ Այդ ամենն արդեն վերականգնվել է օրերս Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման արդյունքում՝ Հայաստանի Վեհափառի ու Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի միջև։ Մենք նորից սկսելու ենք դեպի Դադիվանք ուխտագնացությունները»,- խնդիրը ներկայացնելիս ասաց Լուսինե Ղարախանյանը։

Ինչ վերաբերում է  Ամարասին, ապա ըստ պաշտոնյայի՝ այնտեղ ուխտագնացություններ տեղի են ունենում։ Հնարավոր է  եղել կանխել Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանների ավերումը, որովհետև ռուս խաղաղապահներին ևս հետաքրքրող թեմա էր սա։

«Մենք այս պահին ունենք տվյալներ Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու, Կանաչ ժամի ավերման մասին, որտեղ կա անհասկանալի շինարարություն, սակայն դեռ պարզ չէ, թե այն ինչ է։ Գիտենք, որ ավերված է Նելսոն Ստեփանյանի հուշարձանը, նաև Շուշիի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը, Սղնախի գերեզմանատունը, որի վրայով ճանապարհ են կառուցել։ Մենք ապրում ենք խիստ ծանր ժամանակներ, կարելի է  ասել, որ մենք ամեն օր անցնում ենք ողբերգության միջով։ 2022 թվականին մենք սկսում ենք քարոզչական մեծ պատերազմ և մենք պետք է ամենաթիրախային կետերում ու տեղերում ճիշտ լինենք մեր վարքագծի մեջ։ Օրեր առաջ Ծաղկեվանքում, Հադրութում փոքրիկ համերգ էին կազմակերպել ադրբեջանցիները, որտեղ ամեն ինչ պլագիատ էր, Հադրութում արդեն սկսվել է  մզկիթի կառուցում, որը մեզ այսօր թշվառ է դարձրել, սակայն մենք թշվառ չենք, դա մեզ համար նոր պայքարի սկիզբ պետք է լինի»,- հավելեց Լ. Ղարախանյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս