«Ես հարգում եմ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը». Գագիկ Ջհանգիրյան

Հոկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Սահմանադրական դատարանը (ՍԴ) հակասահմանադրական է ճանաչել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վիճարկած Դատական օրենսգրքի փոփոխությունները:

«Սահմանադրական դատարանն իր՝ 2021 թվականի հոկտեմբերի 12-ի ՍԴՈ-1613 որոշմամբ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասին հակասող է ճանաչել Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 19-ին ընդունված «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի 2-րդ, 9-19-րդ հոդվածները»,- կարդում ենք Սահմանադրական դատարանի կայքում:

Այս որոշմամբ ՍԴ-ն ըստ էության Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ) զերծ է պահում դատավորների համար գիլիոտինի դեր կատարող կառույց դառնալուց, որ քաղաքացիները, հենց դատարանի վճիռը չհավանեն, գնան ու կոնկրետ դատավորից բողոքեն այնտեղ, ու ԲԴԽ-ն էլ հերթական կարգապահական վարույթը նախաձեռնի:

168.am-ը դիմեց ԲԴԽ՝ փորձելով ճշտել՝ ինչպիսին է Խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի դիրքորոշումը ՍԴ որոշման վերաբերյալ:

«Ես հարգում եմ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը

Հարցին՝ ի՞նչ վտանգներ էր տեսնում ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Դատական օրենսգրքի այս փոփոխությունների առնչությամբ, եթե դրանք կյանքի կոչվեին, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա վտանգներ չի տեսել՝ կապված այդ փոփոխությունների հետ:

«ՍԴ որոշումներն ընդունում եմ անվերապահորեն»,- եզրափակեց Գագիկ Ջհանգիրյանը:

Տեսանյութեր

Լրահոս