
Ռուս խաղաղապահները համալիր մարզումներ են իրականացրել՝ Լեռնային Ղարաբաղում հնարավոր սադրանքներն ու հարձակումները հետ մղելու ուղղությամբ. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում մարտական պատրաստվածության պահպանմանն ուղղված գործողությունների շրջանակում ռուս խաղաղապահները համալիր պարապմունքներ են անցկացրել 27 դիտակետում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Ինչպես հաղորդվում է, պարապմունքի ընթացքում զինծառայողները քայլեր են մշակել հնարավոր խախտումները, սադրիչ գործողությունները կանխելու և դիտակետերի դեմ հարձակումը հետ մղելու ուղղությամբ: Ազդարանշան ստանալուն պես խաղաղապահները հատուկ գործողությունների են անցել՝ հանդերձանք և զենք ստանալով, այնուհետև արագ գուրս են եկել գտնվելու վայրից և գրավել պաշտպանական դիրքերը: Պաշտպանության ուժեղացման համար գործարկվել են БТР-82А զրահափոխադրիչներով ստորաբաժանումները:
Մարզումներին մասնակցել են նաև ռուսական խաղաղապահ զորակազմի ականանետային հաշվարկները: Հրետանավորները գործողություններ են մշակել՝ ուղղված կրակային կետերը զբաղեցնելուն, նշված կետերը թիրախավորելուն, հետախուզությանը և կրակային դիրքերի փոփոխությանը: