Ովքե՞ր են ներգրավված Գյումրիում իշխանության թեկնածուի օգտին ձայներ ապահովելու գործում
Հանրապետությունում առաջիկայում կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին ընդառաջ իշխանությունները ամրապնդում են իրենց դիրքերը՝ ընտրությունների առաջ կանգնած համայնքներում օրենքի խախտմամբ նշանակելով ղեկավարի պաշտոնակատարներ:
Այսպես՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա որոշմամբ Ալբերտ Մարգարյանը նշանակվել է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
Ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նաև Վանաձոր համայնքում:
Այս առնչությամբ արդարադատության նախկին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի՝ 12․10․2021թ․ Գյումրու համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու թիվ 1147-Ա և Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու թիվ 1148-Ա որոշումները հակասում են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքին:
«Մասնավորապես, այդ որոշումները ընդունվել են՝ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27․1 հոդվածի 2․1 կետով (այս դրույթը ներկայումս վիճարկվում է ՍԴ-ում), առ այն, որ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը ավարտվել է, և այդ դեպքում վարչապետը նշանակում է պաշտոնակատար: Մինչդեռ ո՛չ Գյումրու, ո՛չ էլ Վանաձորի համայնքի ղեկավարների լիազորությունների ժամկետները դեռևս չեն ավարտվել, իսկ դրանք ավարտվելու են միմիայն այդ երկու համայնքներում համամասնական ընտրակարգով առաջիկայում ընտրվող ավագանիների առաջին նիստի գումարման պահից»,- գրել էր նա:
Արդարադատության նախկին փոխնախարարը նշել էր նաև, որ, համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Համայնքի ղեկավարն ընտրվում է իրեն ընտրած համապատասխան ավագանու լիազորությունների ողջ ժամկետով»:
«Նույն օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․ «Ավագանին ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետն սկսվում է առաջին նիստի գումարման պահից: Այդ պահից ավարտվում է նախորդ ավագանու լիազորությունների ժամկետը»:
Հետևաբար, վարչապետը այդ երկու համայնքներում չէր կարող համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ նշանակել, իսկ այդ համայնքների ղեկավարները պետք է շարունակեն պաշտոնավարել»,- օրենքի պահանջն էր ներկայացրել Արթուր Հովհաննիսյանը:
Վերադառնալով Գյումրիի ընտրություններին՝ 168.am-ին հասած տեղեկություններով՝ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ցուցակը գլխավորող Վարդգես Սամսոնյանը կորոնավիրուսի դեմ բուժում է ստանում հիվանդանոցում։
Ուշագրավ է, որ, ըստ մեզ հասած տեղեկությունների, Գյումրի համայնքի ընտրություններում ակտիվորեն ներգրավված է նաև Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Արա Եղոյանը, ով աշխատանք է տանում իշխանական թեկնածուի օգտին հնարավորինս շատ ձայներ ապահովելու ուղղությամբ։
Մասնավորապես հայտնի է դարձել, որ անցած շաբաթվա ընթացքում Արա Եղոյանը Գյումրիում մի շարք հանդիպումներ է ունեցել համայնքում ազդեցություն ունեցող անձանց հետ, իրականացրել է կազմակերպչական այլ աշխատանքներ։
Սա հերթական վկայությունն է այն բանի, որ ՏԻՄ ընտրություններում իշխանությունները կիրառելու են վարչական ռեսուրսի ողջ զինանոցը: