Ավելի քան 700 քաղաքացիներ փաստացի չեն պատվաստվել, սակայն ստացել են սերտեֆիկատներ. ԱԱԾ-ի բացահայտումը

ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության և քննչական դեպարտամենտի աշխատակիցների փոխգործակցության ձևաչափով իրականացված լայնամասշտաբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք է բերվել ապացույցների բավարար համակցություն, ըստ որի՝ առողջապահության ոլորտում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Գյումրիի Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» պոլիկլինիկա ՓԲ ընկերության մի խումբ բուժաշխատակիցներ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ են օգտագործել, այն է՝ 2021 թվականի ապրիլ ամսից մինչև օրս ընկած ժամանակահատվածում նույն բժշկական հաստատությունում փաստաթղթերով ձևակերպված և ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության այլ տարածքներում բնակվող ավելի քան 700 քաղաքացիների փաստացի չեն պատվաստել սահմանված դեղատեսակներով և դեղաչափերով, փոխարենը` կազմել և հաստատել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող, իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր՝ սերտիֆիկատներ, որոնք մուտքագրել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ, տեղեկացնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Նշված ապօրինի գործողությունների հետևանքով հիշյալ քաղաքացիներին հնարավորություն է տրվել շրջանցել Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում կիրառված սահմանափակումները, չեն պահպանվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոնների պարտադիր պահանջները, պատշաճ կերպով չի ապահովվել բնակչության առողջության պահպանման և առողջական վիճակի բարելավման նպատակով համապատասխան կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներով սահմանված պահանջների կատարումը, վտանգի տակ է դրվել պետության կողմից երաշխավորված և համավարակից պաշտպանվելու այլ անձանց իրավունքները՝ այդ կերպ էական վնաս պատճառելով ինչպես հիշյալ առողջապահական կազմակերպության, այնպես էլ պետության օրինական շահերին։

Ընդ որում, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ բժշկական սպասարկում իրականացնող աշխատակիցները նշված ակնհայտ ապօրինի գործողությունների համար յուրաքանչյուր քաղաքացուց ստացել են 5.000-10.000-ական ՀՀ դրամի չափով կաշառք, իսկ պատվաստանյութերը ոչնչացվել են:

Քրեական գործի նախաքննությամբ կատարվել են մեկ տասնյակից ավելի խուզարկություններ, հայտնաբերվել և առգրավվել են քաղաքացիների կողմից որպես կաշառք տրված գումարները, ձեռք են բերվել այն անձանց տվյալները պարունակող ցուցակները, ովքեր փաստացի պատվաստված չլինելու պայմաններում ստացել են կեղծ սերտիֆիկատներ:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում քննչական խմբի քննիչների կողմից, անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա, ձերբակալվել են նույն բժշկական հաստատության թվով վեց աշխատակիցներ, ովքեր էլ տվել են խոստովանական ցուցմունքներ` տեղեկություններ ներկայացնելով ինչպես կիրառված հանցավոր մեխանիզմի, այնպես էլ որպես կաշառք ստացած գումարների և փաստացի կեղծ սերտիֆիկատներ ստացած անձանց վերաբերյալ:

Քրեական վարույթի ներկա փուլի շարժընթացի համատեքստում ակտիվորեն շարունակվում են ձեռնարկվել քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ պատվաստման փաստը հաստատող կեղծ սերտիֆիկատներ ստացած բոլոր քաղաքացիներին հայտնաբերելու, նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու, հակաօրինական վարքագիծ դրսևորած անձանց ամբողջական շրջանակն ու հանցավոր մեխանիզմում յուրաքանչյուրի դերակատարությունը պարզելու, ինչպես նաև նրանց նկատմամբ պատասխանատվության խստագույն միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հաշվի առնելով շարունակական ու ծավալվող բնույթ կրող հիշյալ հանցագործությունների վտանգավորության աստիճանը, կարևորելով բնակչության առողջության պահպանման առաջնահերթությունը, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին և նրանց աշխատակիցներին խստորեն նախազգուշացնում է՝ Ազգային անվտանգության մարմիններն առավելագույն գործիքակազմի կիրառմամբ իրականացնում են ծավալուն միջոցառումներ ինչպես նախկինում կատարած, այնպես էլ ներկայում շարունակական բնույթ կրող կեղծ պատվաստումների դեպքերը հայտնաբերելու և մեղավոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու ուղղությամբ:

Միաժամանակ, քաղաքացիներին կոչ է արվում զերծ մնալ պատվաստման վերաբերյալ կեղծ սերտիֆիկատներ ստանալուն ուղղված հակաօրինական գործողություններից, քանի որ այդպիսիք ոչ միայն իրական սպառնալիք են ազգաբնակչության առողջության պահպանման համար, այլև ՀՀ քրեական օրենսգրքով հանդիսանում են պատժելի արարքներ և առաջացնելու են խիստ անբարենպաստ իրավական հետևանքներ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս