«Թբիլիսոբա». ինչպես է քաղաքն իր օրը նշում այս անգամ
Այս տարի քաղաքի օրը՝ «Թբիլիսոբա»-ն, համեստ է անցկացվելու. ավանդական միջոցառումներից կկայանա «Պատվավոր թբիլիսցիների» կոչում շնորհելու արարողությունը եւ կանցկացվեն «Աշնանային բարիքներ» գյուղատնտեսական տոնավաճառները։
Ինչպես քաղաքային վարչության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն, պլանավորված տոնական առցանց-համերգը չեղարկվում է:
Դրա անցկացման համար հատկացված փողերը կտրամադրվեն Բաթումում բնակելի տան փլվելու հետեւանքով տուժածների օգնության հիմնադրամին: Բաթումում հինգհարկանի տան ամբողջ մուտքի փլվելու հետեւանքով զոհվել է ինը մարդ, այդ թվում՝ երեք երեխա, 12 ընտանիք մնացել է առանց տանիքի:
«Տեղի է ունեցել ողբերգություն: Մեզ համար սկզբունքորեն կարեւոր է այդ ընտանիքներին օգնելը: Թբիլիսին միշտ կանգնած է այն մարդկանց կողքին, ովքեր հայտնվել են դժվարին կացության մեջ, ուստի ընդունվել է նման որոշում:
Չնայած այն բանին, որ համերգը չեղարկվել է, մենք չենք խախտում Թբիլիսիի ավանդույթը, եւ այս տարի կպարգեւատրենք «Պատվավոր թբիլիսցիներին»,-հայտարարել է քաղաքագլուխը, հաղորդել է Sputnik-ը: