Փորձում ենք ավելի էֆեկտիվ և խստորեն պայքարել կորոնավիրուսի կանոնների չպահպանման դեմ. Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով այժմ հոսպիտալացվելու իրենց հերթին սպասող 300 քովիդ վարակակիրների հարցի կարգավորմանը, հայտնեց, որ այժմ կորոնավիրուսով ստացիոնար բուժում ունեցող մարդկանց համար նախատեսված 2600 մահճակալ արդեն իսկ զբաղված է, ու եթե անգամ այդ քաղաքացիներին հոսպիտալացնելու համար փորձեն մահճակալային ֆոնդն ավելացնել, դրանով հարցը չի կարգավորվի:
«Մենք պիտի հասկանանք, որ մեր բժիշկների, բուժքույրերի, մայրապետների ռեսուրսը սահմանափակ է, և պիտի ամեն ինչ անենք, որպեսզի այս հիվանդացության ալիքը հնարավորինս մեղմենք»,- ասաց Ավանեսյանը:
Առողջապահության նախարարի խոսքով՝ հիվանդության ալիքը մեղմելու համար նախ պետք է խստորեն պահպանել դիմակների կրման ռեժիմը, և երկրորդ՝ պատվաստվել: Ինչ վերաբերում է հանրային տրանսպորտում քաղաքացիների «խցանված» ու շատ հաճախ առանց դիմակի երթևեկելու հանգամանքին, նախարարը նշեց, որ հարցին լուծում տալու համար քննարկումներ են տեղի ունենում:
«Թե՛ վարչապետի, թե՛ փոխվարչապետների գլխավորությամբ անընդհատ ընթացիկ կատարվող աշխատանքները գնահատվում են, և փորձում ենք ավելի էֆեկտիվ և խստորեն պահպանել՝ կանոնների չպահպանման հետ կապված»,- ասաց Ավանեսյանը:
Հարցին էլ, թե ի՞նչ քայլեր են անելու ու ե՞րբ արդեն տրանսպորտն այդքան խցանված չի լինի, Ավանեսյանը չպատասխանեց՝ հորդորելով այդ հարցերով դիմել նաև տեսչական մարմիններին:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում