«10 ամիսների ընթացքում ՀՀ-ից Արցախ է տեղափոխվել 150 ընտանիք. հիմնականում տեղավորվել են Ասկերանի շրջանում». Արցախի Կառավարության ներկայացուցիչ

Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած  «Տեղահանված ու բռնագրավված Հադրութ. մեկ տարի անց. հիմնահարցեր և մարտահրավերներ» հանրային քննարկման ժամանակ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանն ասաց, որ մեկ տարվա ընթացքում ձևավորված օպերատիվ շտաբը շատ աշխատանքներ է իրականացրել, սակայն հակված չէ այդ աշխատանքները դրական գնահատելու։

«Ես և մեր աշխատակիցները բոլորը խնդիրները փորձում ենք ընկալել՝ որպես մերը։ Օպերատիվ շտաբը ստեղծվել է, որպեսզի համակարգի ու կանոնակարգի մարդկանց սոցիալ-տնտեսական խնդիրները։ Այս պահին Արցախից տեղահանված ՀՀ-ում գտնվում է շուրջ 5284 ընտանիք՝ 20.433 մարդ, որից 6180-ն անչափահասներ են»,- նշեց Միքայել Վիրաբյանը։

Նա տեղեկացրեց, որ տեղահանվածների մոտ սեպտեմբերի վերջից առողջապահական հարցեր են սկսել առաջանալ, ունեն վիրահատությունների լուրջ խնդիրներ։

«Ունենք մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ, որոնց  դեպքում բավարարվել են այն դիմումները, որոնք առաջնային են, ունենք պայմանավորվածություններ, որ կյանքին չսպառնացող վիրահատական միջամտությունները տեղի կունենան հաջորդ տարվա առաջին եռամսյակում։ 10 ամիսների ընթացքում Արցախի Հանրապետություն է  տեղափոխվել 150 ընտանիք՝ իրենց ցանկությամբ, որոնց համար ապահովվել են համապատասխան բնակարանային պայմաններ։ Նրանք հիմնականում տեղավորվել են Ասկերանի շրջանում»,- նշեց նա։

Նա նաև նշեց, որ ճշգրիտ տվյալներ չունեն, թե ՀՀ-ից Արցախի Հանրապետության քանի քաղաքացի է մեկնել արտերկիր, նախնական տվյալներով՝ ունեն 150 ընտանիքի վերաբերյալ տվյալ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս