«Հիմա Արցախն ի՞նչ կարգավիճակ ունի Հայաստանի համար». ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած «Տեղահանված ու բռնագրավված Հադրութ. մեկ տարի անց. հիմնահարցեր և մարտահրավերներ» հանրային քննարկման ժամանակ ասաց, որ հստակ պետք է արձանագրվի Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներից բռնի տեղահանված արցախցիների թիվը։
«Այսօր հայտնի՞ է, թե քանի հադրութցի է բռնի տեղահանվել Հադրութից, և արդյո՞ք կրած վնասների հաշվառումը կա՝ մասնավորի և հանրայինի։ Մենք նման աշխատանքներ իրականացրել են նախկինում «Կոլցո» օպերացիայից հետո և այլն։ Այդ ամենը շատ կարևոր է, քանի որ այն փաստահավաք խմբի համար հիմք է ծառայում։ Բռնի տեղահանվածների արտագաղթն ինչպես է ֆիքսվում, դուք գիտեք, թե նրանք ուր են գնում»,- դիմելով քննարկմանը ներկա ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանին՝ հետաքրքրվեց Լարիսա Ալավերդյանը։
Ի պատասխան՝ Միքայել Վիրաբյանն ասաց, որ Արցախի պետական նախարարի մոտ վաղուց կատարվում էին այդ աշխատանքները։
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ Միքայել Վիրաբյանից հետաքրքրվեց, թե տեղյա՞կ է՝ պետական մակարդակով տեղահանվածների խնդիրները ձևակերպվա՞ծ են ՄԱԿ-ի փախստականների վերաբերյալ ծրագրերի շրջանակներում և ի՞նչ գործողություններ են ծրագրավորված։
Ըստ Միքայել Վիրաբյանի, միջազգային կառույցների հետ աշխատանքի վերաբերյալ պետք է խոսեն ՀՀ իշխանության ներկայացուցիչները։
ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ Արա Պլուզյանի խոսքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում, մեկ բանի մասին է վկայում՝ չկա հստակ մշակված ռազմավարություն։
«Եթե այն, ինչ տվել են, իրենց համար հայրենիք չէ, այլևս այդ հարցով ոչ մտածում են, ոչ էլ իրավական հարց են մեջտեղ դնում։ Ժամանակ առ ժամանակ հարցը մաշեցնում են, սոցիալական հարցեր կլուծեն և ամեն ինչ կավարտեն։ Հիմա Արցախն ի՞նչ կարգավիճակ ունի Հայաստանի համար, սրանից հետո սկսվում են մնացած հարցերը»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում