Բաժիններ՝

Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողների հաջողությունը միջազգային մրցույթում

Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում անցկացվող ամենամյա «BOZTORGAI» XXII երեխաների և պատանի կատարողների արվեստի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողները տարբեր տարիքային խմբերում և անվանակարգերում զբաղեցրել են մրցանակային տեղեր:

«Երգեցողություն» անվանակարգում ժողովրդական- դասական, էստրադային-ջազային ժանրերում առաջին մրցանակի են արժանացել Արման Գրիգորյանը, Սուրեն Խաչատրյանը և Մարիա Խանդանյանը։ Իսկ Գարիկ Սիմոնյանը, Դավիթ Ավետիսյանը և Էմիլիա Սիմոնյանը՝ երկրորդ մրցանակի:

«Պարարվեստ» անվանակարգում ԵՄԱՊՔ-ի պարային համույթն արժանացել է երկրորդ մրցանակի:

Մրցույթի կազմկոմիտեն ԵՄԱՊՔ-ի տնօրեն Վրեժ Կիրակոսյանին ու քոլեջի դասախոսներին հատուկ շնորհակալական դիպլոմներ է հանձնել՝ մրցույթին լավագույն մասնակիցներ պատրաստելու համար:

Օրերս ԵՄԱՊՔ-ում տեղի է ունեցել դիպլոմների հանձնման արարողությունը: Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը մրցույթին առցանց մասնակցած ուսանողներին ու դասախոսներին է փոխանցել մրցանակային դիպլոմներն ու շնորհակալագրերը: Տնօրենը, կարևորելով դասախոսների նվիրումով աշխատանքը, շեշտել է, որ դրա արդյունքը միջազգային մրցույթում սաների մրցանակային բարձր հորիզոնականներն են ու գրանցած հաջողությունները:

Ղազախստանի հանրային հեռուստատեսության կողմից կազմակերպվող և Ալմա Աթա քաղաքի հիմնադրման տոնակատարություններին նվիրված մեծ համերգին, որին մասնակցել են տեղի և աշխարհի տարբեր երկրներից հրավիրված ճանաչված և սիրված երաժիշտներ, հանդես է եկել նաև ԵՄԱՊՔ տնօրեն Վրեժ Կիրակոսյանը, որն ընդգրկված է եղել մրցույթի ժյուրիի կազմում:

«BOZTORGAI» XXII երեխաների և պատանի կատարողների արվեստի ամենամյա միջազգային մրցույթին մասնակցել են 120 կատարողներ, պարային համույթներ աշխարհի 20 երկրներից՝ առկա և առցանց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս