Էրդողանը սպառնում է քրդական ուժերին նոր ռազմական օպերացիաներով Սիրիայում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին տեղի ունեցած կառավարության նիստից հետո խոսել է Սիրիայում քրդական ուժերի դեմ նոր ռազմական գործողություն սկսելու հավանականության մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էրդողանն, անդրադառնալով օրերս Սիրիայի հյուսիսում իրականացված հարձակմանը, որի հետևանքով երկու թուրք ոստիկան էր սպանվել (երկուսն էլ վիրավորվել էին), ասել է. «Մենք վճռական ենք տրամադրված մեր դեմ ծառացած սպառնալիքները չեզոքացնելու հարցում, դա կլինի կամ այնտեղի (Սիրիայի-խմբ) ազդեցիկ ուժերի, կամ էլ մեր սեփական միջոցներով: Մեր ոստիկանների դեմ իրականացված վերջին հարձակումները լցրել են մեր համբերության բաժակը»:
Ըստ Էրդողանի՝ առաջիկայում անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվելու Սիրիայից եկող խնդիրները լուծելու հարցում:
Էրդողանի այդ հայտարարությունը հայտնվել է վերլուծաբանների ուշադրության կենտրոնում: Մասնավորապես թուրք վերլուծաբան Մեթե Յարարի կարծիքով՝ այս անգամ պետք չէ Թուրքիայից սպասել խոշոր ռազմական գործողություն: Ըստ նրա՝ թուրքերը սահմանափակվելու են Սիրիայի քրդական ուժերի հենակետերի վրա թիրախային հարվածներով: