«Իշխանությունը կա՛մ արդեն ունի պայմանավորվածություն այդ համայնքների հանձնման մասով, կա՛մ չունի վստահություն իր իսկ ուժերի վրա». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր գրավոր հարցմանը, որին պատասխանել էր Արտաքին գործերի նախարարի տեղակալը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Տիգրան Աբրահամյանը հարց էր ուղղել Նիկոլ Փաշինյանին։

«Սեպտեմբեր ամսվա ընթացքում կառավարության հետ տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ ճշգրտող հարց էի ուղղել Նիկոլ Փաշինյանին, որը կապված էր 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության դրույթներից մեկի հետ։ Այդ դրույթներից մեկը մեզ փոխանցում է, որ առկա պայմանավորվածությունների համաձայն՝  երեք տարվա ընթացքում փոփոխության է ենթարկվելու Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը։ Մտահոգությունս հետևյալն է, որ այն ճանապարհը, որը Գորիսը կապում է Ստեփանակերտի հետ, այդ ճանապարհն անցնում է Քաշաթաղի շրջանի երեք համայնքներով, Շուշիի շրջանի վեց գյուղերով, և երթուղու փոփոխության արդյունքում՝  Հայաստանը և Արցախն ունենալու են մեծ խնդիրներ, որովհետև եթե ճանապարհը չի անցնում այդ համայնքներով, ըստ էության կապը և վերահսկողությունն այդ համայնքների նկատմամբ կարող է կորել։ Հարցադրումս հետևյալն է եղել, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կարող է վստահեցնել, երաշխավորել, որ չի լինի կամ չի հաստատվի այնպիսի երթուղի, որ նշածս ինն համայնքները որևէ պայմաններում չեն հայտնվի ադրբեջանական վերահսկողության ներքո»,- փոխանցեց Տիգրան Աբրահամյանը։

Ըստ պատգամավորի, Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ նախ խուսափել էր հստակ պատասխանից՝ պատճառաբանելով, թե չի նշել այն համայնքները, որոնք պատգամավորը ներկայացրել էր, իսկ ավելի ուշ ասել էր, թե վերջնական մոտեցում կարող է արտահայտել այն ժամանակ, երբ ձեռքի տակ քարտեզ լինի։ Դրանից հետո, սեպտեմբերի 24-ին, Տիգրան Աբրահամյանը գրավոր  ու հստակ շարադրած հարցն ուղարկել է Փաշինյանին՝ նշելով կոնկրետ բնակավայրերը։

«Պատասխանը ստացել եմ այսօր՝ Արտաքին գործերի նախարարի տեղակալի անունից, պատասխանում նշված է, որ երթուղու հետ կապված բանակցություններ չեն ընթանում։ Ըստ էության իշխանությունը խուսափում է  հստակ պատասխանել, թե հետագայում, բանակացություններ ընթանալու պարագայում կամ այդ դրույթի իրականացման պայմաններում արդյո՞ք ՀՀ իշխանությունն իր տեղում է լինելու և հանդես է գալու ուժեղ դիրքերից։  Այս պայմաններում ենթադրում եմ, որ իշխանությունը կա՛մ արդեն ունի պայմանավորվածություն այդ համայնքների հանձնման մասով, կա՛մ չունի վստահություն իր իսկ ուժերի վրա, քաղաքական կամք, և հետագայում այս թեմայով բանակցությունների պայմաններով չունի երաշխիք, որ այդ համայնքների վերահսկողությունը հաստատեն»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը։

Տեսանյութեր

Լրահոս