Եթե մեր հայրենիք վերադարձնելու երաշխիք մեզ չտան, պիտի գնանք, այլ երկրներում մեր բախտը որոնենք. հադրութցի
Կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնելուց հետո Արցախից տեղահանվածները նախ շարժվեցին ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, ապա ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն:
Որոշ ժամանակ առաջ տեղահանված արցախցիները եղել էին Ֆրանսիայի դեսպանատան մոտ, իրենց դիմավորած ներկայացուցչին նամակ էին փոխանցել ու խնդրել հանդիպում որևէ պատասխանատու անձի հետ: Արդյունքներ չկան:
«Նամակի մեջ նկարագրել էինք բոլոր դեպքերը, ասել էինք, որ մի տարի անցել է, Ռուսաստանն էլ նոյեմբերի 9-ի եռակողմ թղթի ստորագրությունից հետո մեր անվտանգությունը լիարժեք չի ապահովում, Հայաստանի կառավարությունն էլ մեզանով չի հետաքրքրվում, և հավանական է, որ մենք պիտի դիմենք արտասահմանյան երկրներին՝ քաղաքական ապաստան խնդրելով: Եվ սպասում ենք պատասխանին»,- դեսպանատան մոտ հայտնեց «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրյանը:
Հարցին, թե հավաքվածները Ֆրանսիայից քաղաքական ապաստան են պատրաստվում խնդրել, Լևոն Հայրյանն արձագանքեց.
«Նաև էդ ենք ուզում քննարկել: Եթե մեր կառավարությունը, եռանախագահությունը երաշխիքներ չտան, որ մեզ վերադարձնելու են մեր հայրենիք, և այնտեղ օժանդակելու է մեր բնականոն կյանքին, եթե ՀՀ-ն էլ հնարավորություն չունի մեզ պահելու, տեսնում ենք, որ չունի հնարավորություն կամ ցանկություն՝ տարբերությունը փոքր է, ուրեմն պիտի մենք… էս մարդիկ պիտի երեխա մեծացնեն, աշխատեն մի տեղ, աշխատանք չկա, ապրուստ չկա, պիտի գնանք այլ երկրներում մեր բախտը որոնենք»:
Որոշ ժամանակ դեսպանատան մոտ մնալուց հետո հավաքվածներին դեսպանատնից փոխանցեցին, որ դեսպանը տեղում չէ, երբ լինի, կանդրադառնան ակցիայի մասնակիցների բարձրացրած հարցին:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում