Պետք է հայտարարենք, որ մեր իշխանությունները մեզնով չեն զբաղվում. հադրութցիները՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
Հերթական անգամ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անելուց հետո Արցախից տեղահանված քաղաքացիները երթով շարժվեցին դեպի ՀՀ-ում ՄԱԿ գրասենյակ: Գրասենյակի մոտ հավաքվածները հայտնեցին, որ դեռ մեկ ամիս առաջ են նամակ փոխանցել ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցիչներին, խնդրել են ընդունելություն՝ իրենց հարցերով զբաղվելու համար, սակայն այս ընթացքում որևէ քայլ չի ձեռնարկվել:
«Մենք ՄԱԿ-ին դիմել էինք, որ մեզնով չի հետաքրքրվում մեր կառավարությունը, որ գոնե մենք առնվազն փախստականի կարգավիճակ պետք է ստանանք: Ղարաբաղի իշխանությունները մեզ ասում են՝ ներքին տեղահանված, տեղափոխված: Այսինքն՝ մենք ձեր հետ միասին ճամպրուկները կապել ենք, տաքսի նստել, տեղափոխվել Հադրութից, մեր իշխանությունները փորձում են էդպես ներկայացնել: Մենք արտաքին ագրեսիայի տակ մի կերպ մեր հայրենիքը թողել ենք, լքել, մահից պրծնելով՝ հասել ենք էստեղ: Մեր ժողովրդի մի մասը ժամանակի ընթացքում վերադարձել է Արցախ, որտեղ էլի ապահովություն չունի, մյուս մասն էլ ապաստանել է էստեղ… Ասում են՝ «ՄԱԿ-ը մեզ համար ի՞նչ պիտի անի», մեր կառավարությունը ի՞նչ ա անում մեր համար: Բոլորդ գիտեք՝ ոչ մի բան չեն անում…
Ես կարծում եմ, որ ՄԱԿ-ի գրասենյակից և Ֆրանսիայի դեսպանատից և Ռուսաստանի դեսպանատնից մեզանով չեն հետաքրքրվում միայն այն պատճառով, որ մեր իշխանությունները նրանց հանգստացնում են, որ մենք զբաղվում ենք մեր ժողովրդով: Ես հիմա այստեղ ուզում եմ, որ դուք էլ իմ հետ հայտարարեք, որ մեր իշխանությունները մեզնով չեն զբաղվում, թե չէ ինչի՞ պիտի մենք ՄԱԿ-ին նամակ գրենք»,- ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ դիմելով հավաքվածներին՝ ասաց «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրյանը:
Որոշ ժամանակ գրասենյակի մոտ մնալուց հետո ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակից ակցիայի մասնակիցներին հայտնեցին, թե գրասենյակում չկա որևէ պատասխանատու անձ, որը կարող է հավաքվածների հարցերին պատասխանել, և հորդորել էին նորից նամակով դիմել գրասենյակին: Հավաքվածները նաև քննարկում են Երևանի քաղաքապետարանից թույլտվություն ստանալու և ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց շուրջօրյա ակցիա իրականացնելու հարցը, որպեսզի ի վերջո կառույցն ուշադրություն դարձնի իրենց բարձրացրած հարցին:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում