«Մոդեռնա»-ն առկա է բոլոր բուժհաստատություններում, «Սինոֆարմի» նոր խմբաքանակը շուտով կլինի
Լիտվայի կառավարությունից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված ամերիկյան «Մոդեռնա» ընկերության 50 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութը հոկտեմբերի 5-ին հասավ Հայաստան և հոկտեմբերի 7-ից սկսած այն բաշխվել է ու առկա է պոլիկլինիկաներում, բուժհաստատություններում և Երևանում տեղադրված շարժական պատվաստումային կետերում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեցին Առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը («ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի» և «Սինոֆարմ»), «Սպայկվաքս» պատվաստանյութը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար:
Ինչ վերաբերում է չինական «Սինոֆարմ» պատվաստանյութին, որը վերջին օրերին մի շարք բուժհաստատություններում չի հաջողվում գտնել, քանի որ սպառվել է, ԱՆ-ից հետաքրքրվեցինք, թե նոր խմբաքանակը ե՞րբ կներկրվի, հայտնեցին, որ թռիչքը, տեղափոխումը մի փոքր ձգձգվել է։ Բայց առաջիկայում կլինի նաև «Սինոֆարմի» նոր խմբաքանակ և նորից հասանելի կլինի բոլորին։
Ինչ վերաբերում է գործատուներին հետաքրքրող հարցին, թե պատվաստված մարդիկ աշխատավայր ի՞նչ են ներկայացնելու՝ ԱՐՄԵԴ էլեկտրոնային առողջապահական համակարգից հավաստագի՞ր, թե՞ հեռախոսում առկա QR կոդը կարող են ցույց տալ, պատասխանեցին, որ եթե գործերի մեջ պետք է պահվի, ապա կարող են պատճենահանել, իսկ հեռախոսում առկա հավաստագիրը միշտ մարդու հետ է, ուր մտնի՝ կարող է ցույց տալ:
Հավելենք, որ հոկտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 273 860 դեպք, որոնցից 250 055-ն` առողջացած, 5618-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 959 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 818 603 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 7472 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 903 նոր դեպք: Ունենք 897 առողջացած, 43 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1228 է: