Բաժիններ՝

«Հայրենիքը սկսվում է Եռաբլուրից». ԵՊՀ-ում բացվեց Արցախյան վերջին պատերազմում հերոսացած ուսանող Արթուր Սուքիասյանի անվան լսարանը

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ԵՊՀ «Հայ բանասիրության» ֆակուլտետի ուսանողական-գիտական ընկերության (ՈՒԳԸ) և պրոֆեսորադասախոսական կազմի համատեղ ուժերով տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին և Արցախյան վերջին պատերազմում հերոսացած Արթուր Սուքիասյանի հիշատակին։

Մեկ րոպե լռությամբ զոհված հայորդիների հիշատակը հարգելուց հետո ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը հանդես եկավ ողջույնի և բացման խոսքով։

Անկախության 30 տարիների ընթացքում ստեղծված գրականության, գրականություն մուտք գործած թեմաների և փոփոխությունների, գրական երկի վրա պատերազմի անմիջական ազդեցության

մասին խոսեցին ֆակուլտետի դասախոս, բ.գ.դ., պրոֆ. Ժենյա Քալանթարյանը և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բ.գ.թ. Արմեն Ավանեսյանը։
Այնուհետև Արցախյան վերջին պատերազմում հերոսացած Արթուր Սուքիասյանի մասին իրենց հուշերով կիսվեցին ֆակուլտետի դասախոսներ, բ.գ.թ., դոցենտ Աշխեն Ջրբաշյանը և բ.գ.դ., պրոֆեսոր Ալբերտ Մակարյանը։

Վերջինս իր խոսքում նշեց. «Շնորհալի պատանին այդ կարճ միջոցում արդեն հասցրել էր տպագրել գրականագիտական 2 լրջմիտ հոդվածներ։ Տաղանդավոր, բարի, լուսավոր ու վաղամեռիկ այս պատանին հայրենի եզերքի ամենաարժանավոր զավակներից մեկն էր»։

Փակման խոսքում ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Գոհար Վահանյանը կարևորեց հայրենիքի նվիրյալ իրենց ընկերոջ հետևյալ միտքը:


«Ինչպես Արթուրն էր ասում, հայրենիքը սկսվում է Եռաբլուրից. նա գնաց ու ձուլվեց հայրենիքին, նրա մի մասնիկն ու լույսը դարձավ։ Արթուրը և մեր հերոս տղաներն են մեր Անկախության խորհրդանիշը»։

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ հերոսի անվան լսարանի բացումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս