ՀՀ-ում կորոնովիրուսից մահացել է պատվաստված 80-ն անց տարիքի քաղաքացի. առողջապահության նախարար

Հայաստանում կորոնավիրուսից պատվաստված մարդու մահվան դեպք է գրանցվել: Այս մասին հոկտեմբերի 9-ին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ-ում կա՞ն դեպքեր, երբ պատվաստված քաղաքացի է մահացել:

«Մենք մի դեպք ունենք, երբ 80-ն անց մի քաղաքացու կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել պատվաստումից հետո, բայց այդ քաղաքացին ունեցել է շատ այլ ուղեկցող հիվանդություններ: Բացառել նման դեպքերը, չի կարելի, և հնարավոր չէ։ Այլ երկրներում էլ լինում են նման բացառիկ դեպքեր, բայց սա պետք է համեմատականի մեջ դնել, թե հիվանդացության արդյունքում ինչքան մահեր ենք ունենում, և պատվաստումները ինչպես են դա կանխում»,-ասել է նա:

Ավանեսյանի խոսքով՝ պատվաստում ստանալուց հետո քաղաքացին մի քանի անգամ ավելի ապահովագրված է հիվանդանալուց և մահանալուց:

Նա նշել է, որ ճնշումն առողջապահական համակարգի վրա շատ մեծ է: «Հայաստանում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումները շատ դանդաղ են առաջ գնում, և սա մեզ համար շատ մտահոգիչ է»,-նշել է նա՝ հավելելով, թե տարածվում է ապատեղեկատվություն, ակտիվ հակաքարոզչություն, սակայն դրական տենդենցը նկատելի է:

«Երկրներում, որտեղ 70 տոկոսից ավելի պատվաստում է իրականացվել, կտրուկ նվազել են ծանր դեպքերը, հոսպիտալացումները, մահացությունները»,-ասել է Ավանեսյանը:

Տեսանյութեր

Լրահոս