Սաստիկ տեղատարափների հետևանքով Ֆիլիպիններում ինը մարդ է զոհվել
Առնվազն ինը մարդ է զոհվել, եւս 11-ը համարվում է անհայտ կորած այն բանից հետո, երբ Kompasu արեւադարձային փոթորիկը, որն ուղեկցվում էր սաստիկ տեղատարափ անձրեւներով, մոլեգնել է Ֆիլիպիններում: Այդ մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Գործակալության տվյալներով՝ Տարերային աղետների դեմ պայքարի ազգային վարչությունում հավաստել են, որ Բենգետի նահանգում չորս մարդ դարձել է սողանքների զոհ, եւս մեկը խեղդվել է Կագայանի նահանգում: Լուսոն կղզու յոթ բնակիչներ համարվում են կորած:
«Տասնմեկ մունիցիպալիտետներ ջրով են ծածկվել, բայց այսօր առավոտյան ամեն ինչ հանդարտվել է»,- AFP-ին ասել է սպա Ռոխելիո Սենդինգը, որը Կագայանի նահանգի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն է: Նա հավելել է, որ գլխավոր ճանապարհներն ու կամուրջները տակավին ջրի տակ են, սակայն հոկտեմբերի 12-ին ջուրն սկսել է հետ քաշվել:
Համանման իրադրություն է պահպանվում նաեւ Պալավանի նահանգում, որտեղ տարերքը չրս մարդու կյանք է խելել, եւս չորսը կորել են: Ջրով ծածկված են մնացել յոթ գյուղեր, հայտնել են տեղերի արտակարգ ծառայություններում: Kompasu արեւադարձային փոթորիկն առաջացել է հոկտեմբերի 11-ին Խաղաղ օվկիանոսում: Այն դարձել է Ասիայում թվով 18-րդն այս սեզոնին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: