Դանակահարության դեպք է բացահայտվել
Հոկտեմբերի 4-ին Արտաշատի Աթարբեկյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում դանակահարություն էր եղել։ Երկու տղամարդ վիճել էին, քաշքշել իրար, ապա նրանցից մեկը դանակահարել էր մյուսին։
Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկացան հիվանդանոցից։ ժամը 16.30-ի սահմաններում հերթապահ բուժքույրն ահազանգել էր, թե թիկունքի շրջանի ծակած-կտրած վերքով 27-ամյա երիտասարդ է բուժօգնության դիմել։
Հանցագործությունը բացահայտվեց դեպքից մեկ օր անց՝ օպերատիվ ճանապարհով։ Ականատես վկաներ հայտանբերելու նպատակով իրականացված հարցումների արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ տուժողին մարմնական վնասվածք էր պատճառել Արտաշատի Աթարբեկյան փողոցի 53-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 5-ին նա ներկայացավ ոստիկանության Արտաշատի բաժին՝ ներկայացրելով նաև դանակը։
Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։