«Ունենք նման մտավախություններ, բայց հիմա ոչինչ չեմ կարող ասել, ես էլ ձեզ նման սպասում եմ». Վերին Շորժայի գյուղապետ
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ղեկավար Արտյոմ Երանոսյանի խոսքով՝ գյուղում մի կողմից խոտհարքերի մեծ մասը մնացել է թշնամու հսկողության տակ, մյուս կողմից էլ՝ տարին բարենպաստ չէր անասնակերի առումով։
«Այս տարին բարենպաստ չէր, բացի այդ, տարածքների մեծ մասը հայտնվել է թշնամու հսկողության տակ, անասնակերի ահագին պակաս կա, մարդիկ ստիպված գնում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արտյոմ Երանոսյանը։
Անդրադառնալով այն տեղեկություններին, որ Սյունիքի մարզում թշնամու կողմից ոստիկանական անցակետ տեղադրելուց հետ հաջորդը կլինի Գեղարքունիքում, Արտյոմ Երանոսյանը նկատեց. «Ունենք նման մտավախություններ, բայց հիմա ոչինչ չեմ կարող ասել, ես էլ ձեզ նման սպասում եմ իրադարձությունների։
Հիմա գյուղում իրավիճակը նորմալ է, մարդիկ ապրում են այնպիսի հոգեվիճակով, որ հաջորդ վայրկյանին կարող է ինչ-որ բան տեղի ունենալ»։
Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։
Հիշեցնենք նաև՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։