
ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի և այլ պաշտոնյաների անվտանգությունն ապահովելու համար հատկացվող գումարը 331 միլիոն դրամով կավելանա

2022 թվականի պետական բյուջեի նախագծով Ազգային անվտանգության ծառայությանը կհատկացվի 38,630.9 մլն դրամ, այսինքն՝ 7,604.9 մլն դրամով ավելի, քան հատկացվել էր 2021 թվականի պետական բյուջեով: Ըստ Կառավարության ներկայացրած հիմնավորման՝ գումարի ավելացումը պայմանավորված է ծառայության բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությամբ:
Զգալիորեն աճել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանությանն ուղղված միջոցների ծավալը. 2021 թվականի համեմատ պետական պահպանության համար ԱԱԾ-ին հատկացվելու է 4,038.1 մլն դրամ կամ 331.2 մլն դրամով ավելի, քան ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով: Ավելացումը պայմանավորված է թափուր հաստիքների համալրմամբ և կապիտալ ծախսերի ավելացմամբ:
Հիշեցնենք, որ պետական պահպանություն տրամադրվում է՝
Հայաստանի Հանրապետության Նախագահին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին
Հայաստանի Հանրապետության վարչապետին։
Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը և Հայաստանի Հանրապետության վարչապետը, իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում, իրավունք չունեն հրաժարվելու պետական պահպանությունից։
Այլ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել Հայաստանի Նախագահի սահմանած կարգով և ժամկետներում: