«Այլընտրանքային ճանապարհը Սյունիքի անվտանգության հետ կապված ամբողջական հարցը չի լուծելու». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ Սյունիք իր կատարած այցին և ստեղծված ընդհանուր իրավիճակին։
«Ակնհայտ է, որ տեղում ստեղծված սպառնալիքները դեռևս շարունակում են պահպանվել։ Ադրբեջանը սահմանի իր վերահսկողության տակ գտնվող հատվածներում բավականին ակտիվ շինարարական աշխատանքների մեջ է, որոնք ունեն և՛ ռազմական, և՛ իրենց բնույթով նաև քաղաքացիական նշանակություն։ Շատ մտահոգիչ է Սյունիքին սահմանակից Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի տարածքներում ադրբեջանցիների ամրացումները, որոնք կապված են սահմանապահ զորամասերի տեղակայման և այդ հատվածում ամրաշինական ենթակառուցվածքային աշխատանքների հետ։
Այլընտրանքային ճանապարհը, որի ուղղությամբ այս պահին աշխատանքներ ընթանում են՝ մի քանի հարց լուծելու է, սակայն ամբողջական հարցը՝ Սյունիքի անվտանգության հետ կապված, չի լուծելու»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։
Անդրադառնալով իրենց պահանջի չկատարմանը, որ Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկում հրավիրեն, որին ներկա կլինեն տարբեր գերատեսչության ղեկավարներ և կպատասխանե իրենց հարցերին, Տիգրան Աբրահամյանը նկատեց՝ իշխանության այս մոտեցումները շատ ավելի են խորացնում այն մտահոգությունները, որ իրականում անվտանգային համակարգում նախատեսված վերակազմավորումներ, փոփոխություններ չեն կատարվում, և ուժային կառույցներն ասելիք չունեն, խուսափում են հայտնվել իրենց տեսադաշտում։
«Կարծում եմ՝ նրանք ամեն գնով խուսափում են գալ այստեղ, քանի որ կա իրենց համար նախատեսված հարցերի շարք, որոնք իրենք չեն կարող չկանխատեսել, չունեն դրանց պատասխանները և ամեն գնով խուսափում են։ Կարելի է երկար քննարկել, թե որ ձևաչափն է ավելի արդյունավետ, այսինքն՝ իշխանությունը փորձում է ձևի, բովանդակության հետ ինչ-որ փաստարկներ բերել, որը որևէ ձևով ընկալելի չէ։ Պատկերացրեք իրավիճակ, երբ երեք շաբաթ է՝ ԱԺ պատգամավորները չեն կարողանում հարցեր ուղղել Պաշտպանության նախարարին, ԱԱԾ տնօրենին և այլն»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում