«Բայց այդ աղջկան որևէ մեկը չկանչեց ու չհարցրեց, թե ինչից է ենթադրում․․․ նույն դերը հիմա ստանձնել է Ռևազյան Տաթևիկը». Աշոտ Սևյան
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում իշխանության տարբեր ներկայացուցիչներ, ընդ որում, նաև Անվտանգության խորհրդի քարտուղարը, հայտարարել են, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում թշնամու կողմից դրված ոստիկանական անցակետը ՀՀ սուվերեն տարածքում չէ։ Իսկ մինչ այդ, նույն իշխանության ներկայացուցիչները հանրությանը վստահեցնում էին, որ բանակցություններ են վարում, որպեսզի խնդիրը լուծվի։
168.am–ի հետ զրույցում ազատամարտիկ Աշոտ Սևյանը՝ Չարեքթարցի Աշոտը, անդրադառնալով իշխանության այս իրարամերժ հայտարարություններին ու գործողություններին, նկատեց՝ իշխանությունը միշտ էլ հանրությանը մանիպուլյացրել է, վստահեցրել, թե բանակցություններ են ընթանում, բայց ոչինչ էլ չեն արել։
«Այսպիսով՝ իշխանությունը սպասել է, որպեսզի ժողովուրդը հանդարտվի, հանդարտվելուց հետո տեսել են, որ արձագանք չկա, հայտարարել են, որ թշնամու անցակետը ՀՀ տարածքում չէ։ Ես միշտ ասել եմ՝ սրանք մեր ժողովրդին այնքան են բթացրել, որ մարդիկ արդեն չեն էլ մտածում իրենց կյանքի մասին, մտածում են միայն օրվա հացի մասին՝ մոռանալով, որ այսօրվա օրվա հացը վաղը դառնալու է կյանքի խնդիր։ Իշխանությունն արդեն հասկացել է, որ ինչ էլ տա թշնամուն, ժողովուրդը ոտքի չի կանգնի, դրա համար մաս-մաս հանձնում է։ Ինքս այդ ամենի հետ փորձում եմ չհամակերպվեմ, ինձ հետ՝ նաև ընկերներս, բայց դժբախտաբար, մեզանով հարց չի լուծվում»,- ասաց Աշոտ Սևյանը։
Անդրադառնալով ՀՀ օդային սահմանն ադրբեջանական թռիչքների համար բացելուն, Աշոտ Սևյանը նշեց, որ որևէ բանի վրա չի զարմանում։
«Հիշո՞ւմ եք՝ Լիլիթ Մակունցը պատերազմից առաջ հայտարարում էր, թե Թուրքիան չի ներքաշվի Հայաստանի դեմ պատերազմի մեջ, նրա ասածը հալած յուղի տեղ ընդունեցին։ Բայց այդ աղջկան որևէ մեկը չկանչեց ու չհարցրեց, թե ինչից է ենթադրում, որ Թուրքիան չի խառնվի Հայաստանի դեմ պատերազմին։ Նույն դերը հիմա ստանձնել է Ռևազյան Տաթևիկը։ Ես չեմ էլ զարմանում, որ եթե վաղը Իրան-Ադրբեջան պատերազմ լինի, մեր դասալիքները հրաման տան կրակ բացել Իրանի վրա, այլ ոչ թե Ադրբեջանի, սրանք ամեն ինչի «սպասոբնի» մարդիկ են»,- հավելեց ազատամարտիկը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե 30 տարիների ընթացքում Շուշիում որևէ ներդրում տեղի չի ունեցել և ոչինչ քաղաքի համար չի արվել, Աշոտ Սևյանը շեշտեց՝ «եթե Շուշիում ոչինչ չկար և ոչինչ չէր արվել, ինչո՞ւ էր գնացել այնտեղ քոչարի պարելու»։
«Այսինքն՝ ըստ Նիկոլ Փաշինյանի տրամաբանության, այն տարածքները, որտեղ ներդրում չի եղել, պետք է տանք թշնամուն։ Այսօրվա դրությամբ Հայաստանի շատ շրջաններում որևէ բան չի նորոգվել, օրինակ, Վարդենիսում, դե թող դա էլ տա, չնայած հավատում եմ, որ շուտով կտա։ Նման մարդկանց ես չեմ լսում ու ոչ էլ մեկնաբանում եմ, դրանք անհայրենիք մարդիկ են, ինչպե՞ս կարող է մի հայ, երկրի ղեկավարը նման մեկնաբանություն անի»,- ընդգծեց նա։
Հարցին՝ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին կալանավորելուց հետո մտավախություններ չունի՞, որ նույն գործընթացը կսկսվի նաև իր հանդեպ, քանի որ ինքը նույնպես քննադատում է ներկայիս իշխանությունների գործելաոճը, Աշոտ Սևյանը պատասխանեց՝ այս իշխանություններից ամեն ինչի սպասում է։
«Այն, ինչ տեղի է ունենում, «մասկի-շոու» է՝ մարդկանց ուշադրությունը շեղելու համար։ Այն մարդիկ, որոնք պայքարում են սրանց դեմ, բոլորի համար էլ մի «սյուրպրիզ» պատրաստել են, երկու ամսով կկալանավորեն, մարդկանց ուշադրությունը կշեղեն, հետո բաց կթողնեն։ Ես, օրինակ, չեմ զարմանա, որ Հայաստանը Վովա Վարդանովին կալանավորի ու փոխանցի Ադրբեջանին, քանի որ Ադրբեջանը նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։ Հիմա չեմ զարմանա, որ այս ցիրկի աշխատողները նրան հանձնեն Ադրբեջանին։ Հուսամ, հերթն ինձ չի հասնի, ու միայն՝ ոչ Ադրբեջանին, հակառակ դեպքում այնտեղ նույն պահին ինձ կգնդակահարեն»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց Աշոտ Սևյանը։