«Այդ տարածքը իմ սեփական հողատարածքն է». թշնամին Որոտանի հատվածում անցակետը տեղադրել է Գորիսի փոխհամայնքապետի սեփական հողատարածքում

Երբ օգոստոսի 25-27-ը Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածը թշնամին փակեց, իսկ բացելուց հետո այնտեղ տեղադրեց ոստիկանական անցակետ ու սկսեց իրանցի վարորդներից գումարներ գանձել, ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարեցին, որ բանակցություններ են վարում, որպեսզի խնդիրը հարթվի։

Սակայն հիմա արդեն իշխանության ներկայացուցիչները տարբեր հնարավոր ձևերով հայտարարում են, որ ադրբեջանական կողմը ՀՀ սուվերեն տարածքում որևէ անցակետ չի դրել, նման հայտարաություն արել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, իշխանական պատգամավոր Վահե Ղալումյանը և այլք։

Հարկ է նշել, որ Որոտանի այդ հատվածում երթևեկությունը կազմակերպվում է ռուս սահմանապահների միջամտությամբ, այսինքն՝ մեքենաները հավաքվում են, այնուհետև սահմանապահներն ավտոշարասյունն ուղեկցում են։ Եթե նախկինում 10-15 րոպե սպասելուց հետո էին ուղեկցում, այժմ թշնամին միայն ժամը մեկ է թույլատրում երթևեկությունը։

Մինչ իշխանությունը տարբեր կերպ քարոզում է, որ թշնամին ՀՀ սուվերեն տարածքում ոստիկանական անցակետ չի դրել, Գորիսի համայնքապետի տեղակալ Կարեն Քոչարյանը սեփականության վկայականով ապացուցում է, որ այդ տարածքը պատկանում է իրեն, որի վկայականը ստացել է Խորհրդային Միության տարիներին։

168.amի հետ զրույցում Գորիսի համայնքապետի տեղակալ Կարեն Քոչարյանն ասաց, որ այդ տարածքը, որտեղ այսօր թշնամին ոստիկանական անցակետ է դրել, պատկանում է իրեն։

«Եթե այսօր մեր ղեկավարությունը հայտարարում է, որ այն արդեն մեր տարածքը չէ, սա նշանակում է, որ այդ տարածքն արդեն տվել են թշնամուն։ Այդ տարածքը իմ սեփական հողատարածքն է, ժամանակին որդիս այնտեղ ԱՁ էր հիմնել և վառելիքի առք ու վաճառք էր իրականացնում։ Մեծ տարածք է, իր շինությունով, զաբորապատված ու մեր սեփականության վկայականով։ Թե ո՞ւմ համար ու ինչի՞ համար այդ սեփականությունը տրվեց թշնամուն՝ հարցին չեմ կարող պատասխանել»,- նշեց Կարեն Քոչարյանը։

Ինչ վերաբերում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանի այն պնդումներին, որ Որոտանի հատվածում երկար չի սպասել, մոտավորապես 10-15 րոպե, Կարեն Քոչարյանը նկատեց՝ չկա նման բան, թշնամին հստակ հայտարարել է, որ ժամը մեկ պետք է երթևեկություն իրականանա։

«Կա հստակեցված ժամ, ժամը մեկ անգամ է թույլատրվում երթևեկել։ Հուսամ, որ անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող մարդկանց դեպքում գոնե մեր ԱԱԾ-ն ռուս խաղաղապահների միջոցով կմիջամտի, որ մեկ ժամ չսպասեն»,- եզրափակեց Գորիսի փոխքաղաքապետը։

Տեսանյութեր

Լրահոս