Բաժիններ՝

«Տարվա լավագույնները» մրցույթում հաղթած մանկավարժներն արժանացան պարգևների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեդալներ, պատվոգրեր, շնորհակալագրեր, դրամական պարգևներ հանձնեց «Տարվա լավագույնները» մրցույթում հաղթած ուսուցիչներին:

Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

«Մեր մտածողությունը, վարքը, գիտելիքները մեր ուսուցիչների քրտնաջան աշխատանքի արդյունք են: Բազմիցս եմ ասել, որ այսօրվա մեր կարևորագույն խնդիրներից է մեր երկրի, ժողովրդի անվտանգության հարցը, որի երաշխավորը կրթությունն է: Որակյալ կրթությունը ճիշտ մտածողություն է ձևավորում, իսկ դրա արդյունքում մարդու կատարած բոլոր քայլերը ճիշտ ու հստակ են լինում»,-նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ու վստահեցրեց, որ ՀՀ կառավարությունը մեծ տեղ է հատկացնում կրթությանն ու ուշադրություն է դարձնում կրթության բովանդակությանը:

Նրա խոսքով՝ դահլիճում ներկա են ուսուցիչներ, որոնք իրենց աշխատանքով են ապացուցել, որ իրենց պետք է գնահատել: Դումանյանը կարծում է՝ ուսուցիչները միշտ ավելիին են արժանի և վստահեցնում է, որ իրենց հնարավորությունների սահմաններում արվում է ամեն ինչ, որ ոլորտում զարգացում լինի, ինչի օրինակներից է կամավոր ատեստավորումը: Մտադիր են կրեդիտային նոր համակարգեր ներդնել:

Վահրամ Դումանյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ուսուցիչներին՝ շնորհավորելով ուսուցչի տոնի կապակցությամբ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացված «Տարվա լավագույնները» մրցույթին ներկայացվել է 202 հայտ, որից 141-ը անհատական, իսկ 61-ը՝ խմբային։

Մրցույթն անցկացվել է 6 անվանակարգում, որոնք սահմանված են ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 7-ի 37-Ն հրամանով հաստատված «Տարվա լավագույնները» մրցույթի կարգով:

«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 146, «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 16, «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 26, «Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում` 9, «Նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 5 ծրագիր։ «Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում որևէ ծրագիր չի ներկայացվել։

Ներկայացված ծրագրային առաջարկների գնահատման արդյունքում հանձնաժողովի կողմից հաղթող է ճանաչվել նվազագույն 50 միավոր ստացած 29 ծրագրային առաջարկ, որից 13-ը՝ անհատական, իսկ 16-ը՝ խմբային։ Հաղթող ճանաչված ծրագրերի հեղինակները ստացան դրամական պարգևներ և ԿԳՄՍՆ շնորհակալագրեր` ընդհանուր առմամբ 45 մասնակից:

«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթել է 21, «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 3, «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում` 3, «Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում` 1, «Նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 1 ծրագրային առաջարկ։

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում հրավիրված միջոցառման ժամանակ ԿԳՄՍ նախարարության մեդալով, պատվոգրերով և շնորհակալագրերով խրախուսվեցին նաև հանրակրթական դպրոցների և ՄԿՈՒ հաստատությունների մի շարք մանկավարժներ:

Միջոցառման շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալներ հանձնվեցին նաև Արմավիրի մարզի «Սարդարապատի միջնակարգ դպրոցին», «Երևանի թիվ 78 հիմնական դպրոցին», «Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 62 ավագ դպրոցին», «Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցին», «Երևանի թիվ 150 հիմնական դպրոցին», «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջին», Արարատի մարզի «Վեդու թիվ 1 հիմնական դպրոցին» և Արցախի Ճարտարի Արա Ավանեսյանի անվան դպրոցին, որոնք պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 5-ի հրամանով: Նշված դպրոցները ԿԳՄՍՆ մեդալի արժանացան Արցախի հերոսներ Դավիթ Գրիգորյանի, Էդգար Մարկոսյանի, Յուրա Ալավերդյանի, Դավիթ Ղազարյանի /հետմահու/ և Սերգեյ Շաքարյանի մեջ քաղաքացիական բարձր պատասխանատվություն և հայրենասիրություն սերմանելու և հանուն հայրենիքի անձնազոհության որակներ և արժեքային համակարգ ձևավորելու համար:

«Տարվա լավագույնները» մրցույթն անցկացվում է տարեկան մեկ անգամ, որին կարող են մասնակցել հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների ուսուցիչները, դաստիարակները և տնօրենները:

Մրցույթի մասնակիցը պետք է ունենա առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ, ներկայացրած ծրագրերը պետք է ներառված չլինեն նախորդ տարիներին անցկացված մրցույթի արդյունքում պարգևատրված ծրագրերի ցանկում:

Մրցույթին կարող է ներկայացվել ինչպես անհատական ծրագիր առանձին մասնակցի կողմից, այնպես էլ համատեղ ծրագիր՝ առավելագույնը 3 անդամներից բաղկացած խմբի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս