«Նիկոլ Փաշինյանի ասածները բարբաջանքներ չեն, դրանք հատուկ արված հայտարարություններ են». Մետաքսե Հակոբյան

Հոկտեմբերի 6-ին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել է Շուշիից և կրկին հայտարարել, որ այնտեղ բնակելի շենքեր չեն կառուցվել, ավելին՝ ինչ ասել է Լիտվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ճիշտ է ասել։

«Շուշիում կատարվել է Մոնումենտի 4 տան գնի չափ ներդրում, թեկուզ 10-ի չափ. է, հետո՞, բայց եկեք այդ ամենը բաժանենք տարիների վրա»,- իր խոսքում ասել է նա։

Հիշեցնենք, որ Լիտվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ն. Փաշինյանը մասնավորապես ասել էր, որ Շուշիի հարցը եղել է, որովհետև Ադրբեջանը երբեք չի հրաժարվել այն մտքից, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան և բնակվեն Ղարաբաղում, իսկ որտե՞ղ պետք է բնակվեն:

«Եվ հայկական կողմն էլ չի վիճարկել դա: Ավելին, երբ բանակցային սեղանի շուրջ եղել է հանրաքվեի կամ հարցման կամ պլեբիսցիտի տարբերակը, հայկական կողմն էլ է ընդունել, որ Ղարաբաղի ադրբեջանցիները դրան պետք է մասնակցեն՝ որպես ԼՂ բնակիչ: Բա Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի բնակիչները որտե՞ղ էին բնակվելու: Տրամաբանորեն այնտեղ, որտեղ բնակվել են: Շուշիի մասին այդքան խոսում են, 30 տարվա ընթացքում Շուշիում քանի՞ բնակելի շենք է կառուցվել, ոչ մի: Ինչի՞ չի կառուցվել, փող չեն ունեցե՞լ: Վստահ չեն եղել, որ մնալու է, ակնհայտ է պատասխանը»։

168.amի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը, Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նկատեց՝ ըստ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունների, ներդրումներ չեն արվել, քանի որ նպատակն ի սկզբանե եղել է Շուշի հանձնումը թշնամուն։

«Այդ հայտարարություններն արվում են հասարակության այն հատվածի համար, որոնք մտածում են Փաշինյանի նման, նաև չեն եղել Արցախում ու չեն տեսել, թե 30 տարիների ընթացքում Արցախը, Հայաստանը և սփյուռքն ինչ ներդրումներ են արել Արցախում։ Շուշին այլ արժեք է ունեցել ու ունի հայի համար, բոլորս սրտի թրթիռով ենք սպասել Շուշիում կատարվող բոլոր իրադարձություններին, թե՛ մշակութային, թե՛ հասարակական կյանքում, մասնավորապես՝ քաղաքի զարգացման տեսանկյունից։ Շուշին 1992 թվականին ամբողջովին ավերված վիճակում ենք ազատագրել, ադրբեջանցիներն իրենց վայրենության հետքը թողել էին այդ քաղաքում, բնական է, որ հեշտ չէր կառուցվելու քաղաքը, բայց տարիների ընթացքում այն վերածվեց գողտրիկ մշակութային քաղաքի։ Արցախում ու Հայաստանում չէիք գտնի այնպիսի քաղաք, որտեղ հայկականն այդքան շատ էր, հայի ոգին, շունչը։ Այնպես որ՝ Նիկոլ Փաշինյանի ասածները բարբաջանքներ չեն, մենք հաճախ ենք դրանք համարում բարբաջանք, բայց այդպես չէ, դրանք հատուկ արված հայտարարություններ են»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Ըստ պատգամավորի, եթե այսօր հետևեն Նիկոլ Փաշինյանի տրամաբանությանը, ապա Արցախի մնացած հատվածն ու Հայաստանի գյուղերի մի մասը պետք է հանձնվի թշնամուն, որովհետև բոլորն էլ լավ գիտեն, թե հատկապես վերջին երեք տարիների ընթացքում ինչ վիճակում են գտնվում այդ գյուղերը։

«Իրենք ուղղակի լավ ասֆալտ անել և հարդարման աշխատանքներ անել են սովորել, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։ Մասնավորապես՝ Հայաստանում ասֆալտապատման աշխատանքները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագիրն էր, որն ուղղակի այսօր շարունակվում է։ Ովքեր Նիկոլ Փաշինյանին ավելի երկար ժամանակ են ճանաչում՝ գիտեն ու չեն թաքցնում, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս ուսանողական տարիներից Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն էր և ուներ ատելություն արցախահայության հանդեպ, մասնավորապես՝ Շուշիի։ Պատկերացնո՞ւմ եք՝ նա իր ատելությանն ինչ հագուրդ տվեց և ինչպիսի բավարարվածություն ուներ, երբ հայի պաշտամունք Շուշին ուղղակի նվիրեց թշնամուն, որը հավանաբար պլանավորել էր շատ վաղուց»,- շեշտեց նա։

Մետաքսե Հակոբյանը նաև նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը երեք տարիների ընթացքում ոչինչ չէր անելու այն քաղաքի համար, որը պլանավորել էր նվիրել թշնամուն։ Հետևաբար՝ նրանից Արցախի ու առհասարակ հայրենիքի վերաբերյալ որևէ դրական տեղաշարժ ակնկալելը հեքիաթի ժանրից է։ Նա ցավով արձանագրեց, որ այսօր հայ հասարակության մեջ կա մի հատված, որը կիսում է Նիկոլ Փաշինյանի տեսակետները։ Այս մարդիկ պարզապես պետք է իրենց աչքերը բացեն ու տեսնեն, որ իրենց առջև կանգնած մարդն ուղղակի ատում է հային, Հայաստանն ու Արցախը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն բնորոշմանը, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներն անվանեց «Էդպիսի տարածքներ»՝ խուսափելով ճիշտ բնութագրումից, Մետաքսե Հակոբյանն ընդգծեց, որ առհասարակ, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, երբևէ Արցախի մասին չի խոսել՝ որպես հայրենիքի։

«Նա Արցախին տարբեր բնորոշումներ է տվել՝ անվտանգության գոտի, անվտանգության տարածքներ, ցանկացած բան ասել է, բացի հայրենիք կոչելուց։ Հիմա առավել ևս, երբ իր գործընկեր Ալիևի հետ բոլոր ծրագրերը իրականացնում են, հաջորդ ու վերջնական քայլը նրա կողմից, Արցախը, անկախ իր կարգավիճակից՝ Ադրբեջանի կազմում տեսնելն է։ Հետևաբար, նա ինչպե՞ս կարող է իր ծրագրին հակառակ խոսել։ Փաստորեն ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը ևս նշեց, որ Արցախի հարցում չկան «կարմիր գծեր», այսինքն՝ Ադրբեջանն իրենց ինչ թելադրի, իրենք ուղղակի դա անելու են, Նիկոլ Փաշինյանի երեկվա պահվածքը դա ուղղակի ապացուցեց»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս