ԱԱԾ-ն բացահայտել է ՏՏ կիրառմամբ խարդախությամբ քաղաքացիներից խոշոր չափերով գումարներ հափշտակած հանցավոր խումբ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տեղեկատվական անվտանգության և կառավարական կապի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Բ. Բ-ն և Դ. Ա-ն, տարբեր անձանցից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու հանցավոր մտադրությամբ միավորվելով և ստեղծելով կայուն կազմակերպված խումբ, գործելով դրա կազմում, կատարել են դերերի բաշխում, հանցավոր արդյունքին հասնելու և հանցանքն առանց խոչընդոտների կատարելու համար վարձել են համակարգչային բնագավառի մասնագետ և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղադրել գովազդ, որ «Արագ աջակցություն» անվանումով կազմակերպությունը ֆինանսական խնդիրներ ունեցողներին շտապ կարգով՝ ընդամենը 10 րոպեում, առանց երաշխավորի, առանց վարկային պատմության՝ տրամադրում է մինչև 4 միլիոն ՀՀ դրամ վարկ: Այս մասին հայտնում է ԱԱԾ-ն:

Նման եղանակով կազմակերպված խմբի անդամները տասնյակ անձանց ուղղորդել են մուտք գործել «ajakic.com» կայք, որտեղ վերջիններս լրացրել են վարկ ստանալու վերաբերյալ առցանց հայտ: Հայտ ներկայացրած անձանց հետ հեռախոսային կապ է հաստատել կազմակերպված խմբի անդամներից Բ. Բ-ն` մտացածին անուններով ներկայանալով որպես վարկային կազմակերպության աշխատակից, վարկ ստանալու ցանկություն հայտնած անձանց մոլորեցնելու, նրանց գիտակցության և կամքի վրա ներազդելու նպատակով կեղծ հավաստիացումներ է տվել, թե իբր վարկի գումարը հաստատվել է, և առաջիկա 20 րոպեների ընթացքում վարկը ստանալու համար հայտատուներից պահանջել է 094-60-58-68, 077-13-73-62 բջջային հեռախոսահամարներով «Թել Սել» վճարահաշվարկային համակարգում նախապես բացված հաշիվներին փոխանցել վարկի մարման առաջին ամսվա գումարի չափով կանխավճար: Նշված եղանակով ստանալով պահանջված գումարները՝ վերջիններս մեկ տասնյակից ավելի անձանցից 2021 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին ընդհանուր առմամբ խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3.939.800 ՀՀ դրամ գումար և տիրացել դրան, որն էլ «Թել Սել» վճարահաշվարկային համակարգից տարբեր օրերի կանխիկացրել է կազմակերպված խմբի անդամներից մեկը:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի քննության սկզբնական փուլում կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով հիշյալ անձինք ձերբակալվել են, նրանց կալանավորելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Քրեական վարույթի ներկա փուլում օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական տվյալների վերլուծության, համադրման ու գնահատման արդյունքներով իրականացվում են անհրաժեշտ քննչական ու այլ դատավարական գործողություններ՝ հայտնաբերված հանցավոր համագործակցության դրսևորման բոլոր հնարավոր եղանակները, առանձին դրվագները, ինչպես նաև տուժողների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են նշված կազմակերպված խմբի նույնաբնույթ այլ գործողություններից, դիմել իրավապահ մարմիններին և հորդորում խոցելի վիճակում հայտնվելուց զերծ մնալու համար օգտվել միայն արդեն ստուգված կամ ստուգելի համակարգերից:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս