
Արմեն Գրիգորյանն ու ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին:
«Կողմերը գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-հոլանդական հարաբերությունները բարեկամական բնույթ են կրում և առավել զարգանալու միտում ունեն»,- նշված է ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Դեսպան Նիկո Սխերմերսը բարձր է գնահատել Հայաստանի համար այս դժվարին պայմաններում ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունությունը, ինչպես նաև ՀՀ կառավարության ջանքերը՝ այս ինստիտուտների շարունակական զարգացման ուղղությամբ: Այս համատեքստում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ժողովրդավարական հաստատությունների և իրավունքի գերակայության ամրապնդմանը միտված, ինչպես նաև՝ զինված ուժերի կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը: Երկուստեք կարևորվել է կոռուպցիայի դեմ ուղղված պայքարը:
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում հրատապություն ներկայացնող անվտանգության հարցերի և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության շուրջ: