
Իշխանությունը «խառն» է քննիչ հանձնաժողովի հարցերով. ուզում է որպես «փորձագետ» ընդգրկել Սամվել Բաբայանին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով ստեղծելու առումով նոր խնդիրների առաջ է կանգնել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, սկզբնական շրջանում նախատեսված է եղել հանձնաժողովում փորձագետներ ընդգրկել ՊՆ-ից ու ԳՇ-ից, սակայն նրանք չեն համաձայնել հետագա զեկույցի իշխանական սցենարին, ինչից հետո իշխանությունը ստիպված է եղել դիմել ընտրություններից առաջ և հետո Նիկոլ Փաշինյանի մեկնած ձեռքը սեղմած քաղաքական ուժերից մի քանիսին։
Մասնավորապես, թերթին տեղեկություններ են հասել, որ իշխանությունն այս պահին դիտարկում է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանին որպես «փորձագետ» հանձնաժողովում ընդգրկելու հարցը։ Ի դեպ, վերջինս տարբեր մարզերում իշխանական՝ ՔՊական թեկնածուների գովքով է զբաղված և փորձում է ամեն գնով արդարացնել Հայաստանի և Արցախի պարտությունը։ Ի դեպ, մեր աղբյուրը հայտնել է նաև, որ հանձնաժողովում իշխանությունը դիտարկում է նաև Դավիթ Սանասարյանի, Նորիկ Նորիկյանի թեկնածությունները։ Արդյունքում, իշխանությունը ցանկանում է նաև «փորձագետների» միջոցով էլ ավելի մեծացնել իր ներկայությունը ստեղծվելիք հանձնաժողովում»: