Ապառիկ ապահովագրություն՝ նոր դավաճանությունների համար

«Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ…»,- այսպես է պատասխանում Նիկոլ Փաշինյանն իրեն ուղղված գրեթե բոլոր մեղադրանքներին, որոնք հնչեցվում են ընդդիմության կողմից։ Նիկոլ Փաշինյանին հիշեցնում են, որ իրեն համարում են «դավաճան, կապիտուլյանտ», ինչին ի պատասխան՝ ասում է, թե ընտրությունների արդյունքները ցույց տվեցին այդ գնահատականների սնանկությունը։

Լեզվամտածողությունը, ինչպես միշտ, մատնում է Նիկոլ Փաշինյանին, որը գործնականում անգամ չհերքելով իրեն հասցեագրվող մահացու մեղադրանքները, համարում է, ու ինքը հետին թվով ստացել է ինդուլգենցիա, քանի որ «ընտրությունների արդյունքները ցույց տվեցին…»։

Այս մտածողությամբ Նիկոլ Փաշինյանը մի կողմից՝ իրեն ազատում է ծանրագույն պատժաչափեր ենթադրող քրեական հանցագործությունների համար առնվազն ենթադրյալ պատասխանատվությունից, մյուս կողմից՝ նույնքան ծանրագույն մեղադրանքներ է ներկայացնում Հայաստանի հասարակության առնվազն այն հատվածին, որն այս կամ այն պատճառով ընտրել է իրեն։

Իրեն արդարացնելու համար Նիկոլ Փաշինյանն առանց այլևայլությունների արձանագրում է, որ ավելի քան 600 հազար քաղաքացիներ նորմալ են համարել դավաճանությունը, կապիտուլյացիան և հայրենիքի հանձնումը, 5000 և ավելի զոհերի, 10.000 և ավելի վիրավորների, տասնյակ անհետ կորածների գոյությունը…

Հոգեբանական այս հնարքով Նիկոլ Փաշինյանն իր մեղավորությունը տարրալուծում է, բարդում է հասարակության վրա՝ իրեն և իր կուսակցությանն ընտրած հատվածի վրա՝ այդ քաղաքացիներին անուղղակիորեն դարձնելով իր հանցակիցներ։

Նրա գլոբալ ուղերձը հետևյալն է․ «լավ եմ արել՝ դավաճանություն եմ արել, լավ եմ արել՝ երկիրը կապիտուլյացիայի եմ ենթարկել, ինչ արել եմ՝ լավ եմ արել… փոխարենը՝ ժողովուրդն ընտրել է ինձ»։ Իրականության ու իշխանության մասին Նիկոլ Փաշինյանի այս պատկերացումը վտանգավոր է ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան՝ անցյալի հանցանքների պարտակման տեսանկյունից։

«Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին…» ինդուլգենցիան նա համարում է նաև, իսկ գուցե առավելապես՝ ապագայում ցանկացած, այդ թվում՝ հանցավոր գործունեություն ծավալելու, հազարավոր երիտասարդների կյանքեր խլելու, որբացած ընտանիքներ թողնելու, ճակատագրեր խեղելու, երկիրը թշնամուն հանձնելու, երկիրը կործանելու թողտվություն, քանի որ իր ցանկացած քայլի համար կարող է կրկին հղում անել «ժողովրդին» ու ասել՝ ժողովուրդն ինձ ընտրել է:

Սա Նիկոլ Փաշինյանի՝ գործնականում անսահմանափակ և անվերահսկելի, միահեծան իշխանության վկայությունն է, քանի որ Հայաստանում բացակայում են իշխանության փոխզսպումների ու հակակշիռների բոլոր մեխանիզմները։ Դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ նաև մոտ ապագայում էլ Նիկոլ Փաշինյանը կարող է կատարել «դավաճանության», «կապիտուլյացիայի» բնորոշումներին համապատասխան քայլեր՝ որպես արդարացում ունենալով «ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ…» մեղմասացությունը։

Իսկ առաջիկայում հնարավոր է Ադրբեջանի հետ սահմանազատում ու սահմանագծում, խաղաղության համաձայնագրի կնքում, գործընթացներ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ուղղությամբ, բազմաթիվ այնպիսի քայլեր, որոնք հնարավորություն են տալու իրականացնել դավաճանության ողջ գործիքակազմը և ցանկացած մեղադրանքի պատասխանել՝ «ժողովուրդն ինձ ընտրել է», «ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ…» դատարկաբանություններով:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս