Աշխարհաքաղաքական այն տենդենցների շուրջ առկա կոնսենսուսը, որից օգտվում էր Նիկոլ Փաշինյանը, փոփոխություններ է կրում. քաղաքագետ

Նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի վերջին օրերի հայտարարությունները կրկին քաղաքական ու հասարակական քննարկումների ծիրում են: Քաղաքագետ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանի համոզմամբ՝ նախկին նախագահների վերջին ակտիվացումը պայմանավորված է ռեգիոնալ և աշխարհաքաղաքական տրասնֆորմացիաներով:

«Ես մի քանի անգամ նշել եմ, որ Հայաստանում ներքաղաքական փոփոխությունները կարող են տեղի ունենալ, եթե աշխարհաքաղաքական որոշակի վեկտորներ փոխվեն, որոնք այլևս կարող են և չհամընկնել աշխարհաքաղաքական այն կոնսենսուսի հետ, որը ձևավորվել էր Նիկոլ Փաշինյանի ընտրության շուրջ,- 168.am–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ մանրամասնելով,- Կարծում եմ՝ աստիճանաբար որոշակի փոփոխություններ են սկսվում տարածաշրջանում, և դրա մասին, իմիջիայլոց, ակնարկեց նաև Սերժ Սարգսյանը, երբ ասաց, որ այն ուժերը, ովքեր մասնակցել են 2018 թվականի, այսպես կոչված,  հեղափոխությանը, իրենք չեն ավարտել իրենց գործը և «հիմա ուշադիր հետևում են, թե կապիտուլյանտն իրենցից ում կխաբի։ Հենց տեսան, որ իրենց խաբում է, այդ արտաքին ուժերը մեզ հակառակորդ չեն լինելու, չեմ ասում՝ մեզ օժանդակելու են, բայց լինելու են օբյեկտիվ»։

Այսինքն՝ Սերժ Սարգսյանն ակնարկեց, որ, ըստ էության, այժմ այնպիսի իրավիճակ է, որ Նիկոլ Փաշինյանը, որն աշխարհաքաղաքական տարբեր վեկտորների, տարբեր ուղղությունների ուժերին խոստումներ է տվել միաժամանակ, չի կարող բավարարել բոլորի պահանջները, և ում որ խոստումը տվել է և չկարողանա կատարել, դրանք, ըստ էության, դուրս են գալու այդ կոնսենսուսից»:

Ըստ Վիգեն Հակոբյանի՝ գործընթացը մեկնարկել է, և բոլոր նախագահները հասկանում են՝ տարածաշրջանում առաջնահերթություններ են փոխվում, և աշխարհաքաղաքական այն տենդենցների շուրջ առկա կոնսենսուսը, որից օգտվում էր Նիկոլ Փաշինյանը, կարծես փոփոխություններ է կրում.

«Նոր իրավիճակ է ստեղծվում, այդ թվում՝ նաև այսօրվա իշխանությունների շուրջ, որը հնարավորություն է տալիս Հայաստանում ներքաղաքական զարգացումներում որոշակի փոփոխություններ, բեկում մտցնել: Վերջինով էլ պայմանավորված՝ բոլոր ներքաղաքական ընդդիմադիր ուժերն ակտիվանում են, այն էլ՝ բավականին բարձր մակարդակով, անգամ նրանք, ովքեր մի պահ ստվերում էին»:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք այդ ակտիվացումը կսահմանափակվի հայտարարություններով, թե՞ ականատես կլինենք նաև «փողոցային պայքարի»՝ լուրջ տեխնելոգիաների ներդրմամբ՝ նա հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանի այն դիտարկումը, թե իրենք հասունացնում են պահը, և «եթե բնակչության 5 տոկոսը վճռականությամբ պայքարի իշխանության դեմ, ոչ մի իշխանություն չի դիմանա»:

Սակայն նա նաև հավելեց, որ այս պարագայում ոչ միայն արտաքին քաղաքական բարենպաստ ֆոնն է կարևոր, այլ նաև՝ ներսում այդ պայքարի հասունացումը.

«Վերջինի համար էլ վարվում է բավականին ակտիվ քարոզչական քաղաքականություն, այդ թվում՝ նախկին նախագահների մակարդակով՝ հայտարարությունների, ասուլիսների շնորհիվ, որովհետև մի բան է, երբ քաղաքական ինչ-ինչ, թեկուզև կարևոր գործիչներ են զբաղվում դրանով, մեկ այլ բան է՝ երբ նախկին առաջին դեմքերն են զբաղվում. դա աննկատ չի անցնում, դառնում է  բավականին բուռն քննարկումների, բանավեճերի առարկա, ինչին այժմ ականատես ենք:

Ես կարծում եմ՝ ընդհանրապես, ընդդիմությունը պետք է հստակ թիրախավորի իր ընտրազանգվածը, որը ֆիքսել է ընտրություններում՝ մոտ 400.000 մարդ: Եթե այդ 400.000-ի 10 տոկոսն էլ փողոցում լինի, հսկայական թիվ է: Սոցիալական ցանցերի դարում, օնլայն ռեժիմով փոփոխություն անելու համար համեմատաբար քիչ մարդ է պետք, բայց վճռական, և, բնականաբար, նրանց առաջնորդող վճռական քաղաքական ուժեր»:

Տեսանյութեր

Լրահոս