Բաժիններ՝

Աֆղանստանում վերսկսել են անձնագրերի հանձնումը. Tolo News

Աֆղանստանում հոկտեմբերի 5-ին վերսկսվել է անձնագրերի հանձնումը: Այդ մասին հաղորդել է Tolo News հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ թալիբները («Թալիբան» շարժում) Աֆղանստանի անձնագրային վարչության բոլոր աշխատակցուհիներին խնդրել են վերադառնալ իրենց աշխատատեղեր: Ըստ հեռուստաալիքի տվյալների, հանձնման համար պատրաստ են առնվազն 25 հազար փաստաթղթեր: Անձնագրային վարչության ղեկավարի պաշտոնակատար Ալիմ Հաքանին հայտարարել է, որ անձնագրերի հանձնումը նաեւ վերսկսել են երկրի նահանգներում:

Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՆԳՆ-ի ներկայացուցիչ Քարի Սայիդա Հոսթին, ներկայում նոր անձնագրերը հանձնվելու են Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն նշմամբ, որն օգտագործվել է նախկին աֆղանական կառավարության օրոք: Ավելի վաղ ԱՄՆ-ի հետ աշխատող առանձին աֆղանցիներ ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ ամիսներ շարունակ չեն կարողացել փաստաթղթեր ստանալ երկրից մեկնելու համար, դժվարություններ են եղել ինչպես անձնագրերի, այնպես էլ ամերիկյան այցագրերի հետ: Օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա:

Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է: Օգոստոսի վերջին երկու շաբաթներին Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում էր ԱՄՆ-ի զինվորականների պահպանության ներքո, ընթանում էր Արեւմուտքի երկրների քաղաքացիների եւ նրանց հետ համագործակցող աֆղանցիների տարհանում: Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում:

Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորել է Մոհամադ Հասան Ախունդը, որն ԱԳ նախարարության ղեկավարի աթոռն էր զբաղեցրել «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ եւ 2001 թվականից գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս