Իրանը խառնում է տարածաշրջանային ուժերի խաղաքարտերը

Մինչ տարածաշրջանային մամուլը քննարկում է Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման հարցը, հայտնի դարձավ, որ մոտ ապագայում Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան դեմառդեմ հանդիպում տեղի կունենա: Նախօրեին այս մասին տեղեկացրեց ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, վարչապետ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանն արդեն այս տարի անցկացրել են երեք անձնական հանդիպում, 14 հեռախոսազրույց, պատրաստվում է մոտակա ժամանակահատվածում նոր հանդիպում»,- ասել է Մատվիենկոն: Հարկ է հիշեցնել, որ Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումը տեղի ունեցաով հայաստանյան ընտրություններից հետո, երբ Վլադիմիր Պուտինն անձամբ շնորհավորեց Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ: Պուտինն այդ հանդիպմանն էր նշել, որ ընտրությունների արդյունքները կարևոր են բոլորի, առաջին հերթին՝ Հայաստանի, հայ ժողովրդի համար, նկատի ունենալով այն, որ նման դժվար, սուր հարցերը կարելի է լուծել միայն արդյունավետ աշխատանքի հնարավորության դեպքում, ինչի համար ամենակարևորը ժողովրդի վստահությունն ունենալն է:

«Այն Դուք ունեք, դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները, ինչը շատ կարևոր է, իրականում դա ամենագլխավորն է: Երկրի համար նման դժվարին պահերին դա ամենակարևոր պայմանն է հետագա զարգացման»,- ասել էր Պուտինը: Իսկ պատերազմից հետո Պուտին-Փաշինյան առաջին հանդիպումն այս տարեսկզբին էր՝ հունվարի 11-ին, որի շրջանակում կայացավ նաև Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպում և ստորագրվեց եռակողմ հայտարարություն: Ուշագրավ է նաև արձանագրել, որ հանդիպումը տեղի է ունենում տարածաշրջանում Իրանի շուրջ սեղմվող օղակի, Թեհրան-Բաքու լարվածության, հայ-թուրքական հարաբերություններում կարգավորման տարրերի ի հայտ գալու և օրերս Սոչիում ռուս-թուրքական բարձրաստիճան բանակցությունների ֆոնին:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ, բնականաբար, նման հանդիպում հարկավոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ ահռելի խնդիրներ կան լուծելու Հայաստանի շուրջ, որից գլխավորը դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցն է, ինչպես նաև տարածաշրջանի ճանապարհային նոր աշխարհագրության մշակման խնդիրը: Սակայն, ըստ նրա, ապրում ենք օրեցօր փոխվող աշխարհաքաղաքական իրավիճակում:

«Եվ այսօր կա շատ ավելի ակտուալ և տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող խնդիր՝ իրավիճակը Հայաստանի շուրջ՝ իրանաադրբեջանական սրացումը կամ Իրանի նոր դիրքավորումը, որովհետև Իրանն իր համար նոր սպառնալիքներ է սկսում նկատել իր հարևան Ադրբեջանի վերահսկողության գոտիներում: Վերջին շաբաթների ընթացքում միայն նկատում ենք, որ կողմերի հռետորաբանությունը և քայլերը սրվում են, կա բավականին մեծ կուտակված մարդուժ և տեխնիկա սահմանային գոտիներում, քանի որ կարծես միմյանց դեմ երկու մասշտաբային զորավարժություններ են ընթանում բազմաթիվ խաղացողների ներգրավմամբ, օր օրի սրվող հայտարարություններ, և սրա շուրջ ևս ժամացույցի սլաքների համաձայնեցման կարիք ունեն կողմերը:

Անվտանգային միջավայրը 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում շատ լուրջ փոփոխություններ է կրել, նորը դեռ չի ձևավորվել, և ներկայումս տարածաշրջանը լիովին նոր իրավիճակում է, որի մասին 5 տարի առաջ իրապես պատկերացնելն անհնար կարող էր լինել: Ռուսաստանը ևս փորձում է հասկանալ, թե Իրանի նոր իշխանությունն ինչպես է աշխատելու Ռուսաստանի հետ, ինչ ուղերձներ է հղում Ռուսաստանին:

Տեսնում ենք, որ ողջ ուշադրությունն այսօր ուղղված է Իրանի հարևանությանը, որը նաև ռուսական ազդեցության գոտին է, սակայն Իրանի խնդիրն Իսրայելն է՝ առաջին հերթին, Թուրքիան՝ երկրորդ: Իրանը հասկանում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի ուժային գործոնը, ներկայիս զարգացումների տրամաբանության շրջանակում, իր հարևանությամբ շարունակելու է խորանալ և աճել, իսկ Գորիս-Կապան ճանապարհի շուրջ առաջացած իրավիճակը դարձավ պատճառ, որպեսզի Իրանն արտահայտի իր դժգոհությունը և փորձի տարածաշրջանում նոր դիրքավորում ստանալ»,- ասաց Մալաշենկոն:

Ըստ նրա, Իրանը փորձում է «շոշափել» նաև Հայաստանի Հանրապետության տրամադրվածությունը: «Այս փուլում տեսնում ենք, որ շփումներ կան Հայաստանի և Իրանի միջև, հռետորաբանության մակարդակում խնդիրներ նկատելի չեն, կողմերը միմյանց վստահեցնում են, որ միմյանց դեմ գործողություններ չեն լինի, կհարգվեն շահերը, կարծում եմ՝ ավելի լայն աշխատանք կա, որի մասին հասկանալիորեն չի խոսվում:

Այս փուլում խոսելու շատ թեմաներ կան, քանի որ հրապարակային օրակարգում թե ներկայիս ուժերի դասավորությունն է ռեգիոնում, թե հետպատերազմյան պայմանավորվածությունները, թե կողմերի պահանջները, ակնկալիքները միմյանցից:

Սա շատ բարդ փուլ է, ըստ էության Ղարաբաղյան մեծ պատերազմից մեկ տարի անց տարածաշրջանն աննախադեպ բարդ փուլում է, քանի որ խաղացողները ռազմականացված երկրներ են, ինչպիսին՝ Թուրքիան, Իրանը, Իսրայելը, Ադրբեջանը, սա անհանգստացնող իրավիճակ է: Իրանը, ըստ էության, դեմ է հետպատերազմյան պայմանավորվածություններին, դա անուղղակիորեն Ռուսաստանի դեմ է նաև, այստեղ հարցերի լայն շրջանակ կա քննարկելու, քանի որ Իրանի նոր իշխանության քաղաքականությունն ազդում է տարածաշրջանային իրողությունների վրա, որոնք պատերազմից հետո են ձևավորվել և դեռ պետք է ձևավորվեն»,- նշեց Մալաշենկոն:

Տեսանյութեր

Լրահոս