Ամենայն Հայոց Կաթողիկոսն Իտալիայում հանդիպում կունենա Ֆրանցիսկոս Պապի հետ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 5- մեկնեց Հռոմ (Իտալիա)՝ մասնակցելու Սանտ Էջիդիոյի համայնքի կողմից կազմակերպված «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան․ կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով համաժողովին և միջեկեղեցական աղոթքին։
«Համաժողովին Նորին Սրբությունը հանդես կգա բանախոսությամբ, նաև կքարոզի միջեկեղեցական աղոթքի արարողությանը։ Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ»,- այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնից:
Նշվում է, որ Նորին Սրբության պատվիրակության կազմում են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Քարոզչական կենտրոնի և Մայր Աթոռում գործող Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը և Վեհափառ Հայրապետի գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը: