«Բանավոր քննարկումների ժամանակ հողեր էր տալիս, լավ է, որ հիմա միայն քարտեզ է տալիս, էլի լավ է». Հայկ Մամիջանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե պատրաստ է Ալիևի հետ հանդիպմանը տանել բոլոր քարտեզները, սակայն Ալիևն էլ պետք է իր հետ բերի Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին:

«Գերիների թեման բոլորիս համար զգայուն է, ես ուրախ եմ, որ մեր հայրենակիցներից ցանկացածը վերադառնում է հայրենիք: Նախ, հանդիպումների ժամանակ բանավոր քննարկումների ժամանակ հողեր էր տալիս, լավ է, որ հիմա միայն քարտեզ է տալիս, էլի լավ է:

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի մեջ ոչ մի հայանպաստ բան չկար, միակ կետը, որը կարելի է քիչ թե շատ համարել հայանպաստ՝ գերիների վերադարձի հարցն էր: Արդյունքում անցնում է որոշակի ժամանակ, գերիները չեն վերադառնում հայրենիք, ու հայկական կողմը կրկին ինչ-որ բան է առաջարկում: Հիշեցնեմ, Նիկոլ Փաշինյանն այդ քարտեզներն ի սկզբանե ուներ, սակայն վեց ամիս սպասեց: Վեց ամիս մեր հայրենակիցները տանջվեցին Բաքվում, և ընտրություններից առաջ որպես նախընտրական քարոզ՝ բերեց նրանց»,- նշեց Հայկ Մամիջանյանը:

Նրա խոսքով, երբ թշնամու զորքը զբաղեցրեց ՀՀ սուվերեն տարածքը, հայկական կողմը հայտարարություն արեց, թե դադարեցնում է կոմունիկացիոն ապաշրջափակման աշխատանքները, և կվերսկսեն միայն այն ժամանակ, երբ թշնամին լքի ՀՀ սուվերեն տարածքը: Սակայն արտահերթ ընտրություններից հետո խելոք գնացին բանակցությունների:

«Այնպես որ՝ կարելի է երկար խոսել նրա մասին, թե սրանք ինչպես են կզած դիվանագիտություն վարում: Բոլորիս թիվ մեկ խնդիրն ու ցանկությունն այն է, որ մեր հայրենակիցներն այդ դժոխքից վերադառնան հայրենիք, որովհետև եթե Ալեն Սիմոնյանի համար ՄԻՊ զեկույցի տվյալները մտացածին են, ապա իրեն ասեմ, որ այդ ամենն իրական մղձավանջ է: Բայց ևս մեկ անգամ ասեմ, որ ՀՀ հիմնական բանակցողը վարում է կզած արտաքին քաղաքականություն»,- հավելեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս