«Երկրորդ նախագահի ցանկացած ակտիվություն Ալիևի մոտ առաջացնում է նյարդային ջղաձգումներ». Արթուր Ղազինյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի կարծիքով՝ պետք է բանակցային գործընթացն ամբողջովին կանգնեցնել, չի կարելի բանակցել, պետք է բացահայտել ու պարզել խնդիրները, գտնել մեղավորներին և ենթարկել պատասխանատվության:
«Եթե մենք ուզում ենք ունենալ պետություն, ապա սա է ձևն ու պայմանը, պետք է վերազինել բանակը, բարձրացնել պետական ինստիտուտների արդյունավետությունը, մեր պետությանը ու քաղաքացիների անվտանգության երաշխիքները, այնուհետև ավելի լավ դիրքերից գնալ բանակցությունների: Այս պահին մենք առաջարկելու ոչինչ չունենք, վիճակը բավականին բարդ է: Մենք կարող էինք բանակցել, կարող էինք չբանակցել: Կա մտավախություն և հիմնավորված տագնապ, որ Հայաստանի իշխանությունները կբավարարեն Ադրբեջանի բոլոր պահանջները»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Ղազինյանը:
Թե երբ կսկսվեն փողոցային ակցիաներն իշխանության հրաժարականի պահանջով, Արթուր Ղազինյանը դժվարացավ կոնկրետ ժամանակ նշել, սակայն երաշխավորեց, որ այդ ակցիաները վերսկսվելու են, քանի որ փողոցով իշխանության եկածներին պետք է հեռացնել փողոցի միջոցով:
Անդրադառնալով ՀՀ հարավարևելյան սահմանին տիրող իրավիճակին, Արթուր Ղազինյանն ընդգծեց, որ այդ հատվածում պետք է վերականգնվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
«Մենք ցանկացած գնով պետք է վերականգնենք մեր պետության տարածքային ամբողջականությունը: Առաջնահերթ պայման պետք է դրվի վերադառնալ նոյեմբերի 9-ի դիրքերին, և բոլորը կանգնեն այն հատվածներում, որտեղ կանգնած են եղել, ադրբեջանական զորքերը պետք է հետ քաշվեն 11 կիլոմետր»,- շեշտեց պատգամավորը:
Անդրադառնալով Ալիևի հայտարարություններին, թե իրենց «երկաթե բռունցքը» հայերը պետք է հիշեն և մոռանան վրեժի մասին, Արթուր Ղազինյանը նկատեց՝ խորհուրդ կտամ Ալիևը հաճախ գնա վախի չափման գործիքներ հայտնաբերելու և իր վախի հարցերը լուծի:
«Երկրորդ նախագահի ցանկացած ակտիվություն Ալիևի մոտ առաջացնում է նյարդային ջղաձգումներ, գիտակցելով՝ իր և իր պետության համար ինչ է նշանակում Երկրորդ նախագահի վերադարձը, վախեցած է, սարսափած է: Մի լավ ասացվածք կա՝ արջն իր ահից գոռում է»,- եզրափակեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը: