«Այս իրավիճակի միակ պատճառը դու՛ ես, Էրդողա՛ն». Քեմալ Քըլըչդարօղլու
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նոր կանոնավոր վաճառքի խանութներ (tanzim satış mağazaları) բացելու խոստմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Ամեն ընտրություններից առաջ փորձում ես մարդկանց խաբել կանոնավոր վաճառքով։ Եթե ուզում ես գները նվազեն, ընտրության արի՛։ Երբ քեզ պատմության գիրկն ուղարկենք, կտեսնես, թե ինչպես են բոլոր գներն իջնում»,-նշել է Քըլըչդարօղլուն Twitter-ում կատարած գրառման մեջ։
Նա հայտարարել է, որ իշխանությունն է մեղավոր սպառողական զամբյուղի ապրանքների այդքան թանկ լինելու համար՝ շեշտելով, որ մարդիկ անգամ առօրյա գնումները կատարելու համար ստիպված են լինում վարկ վերցնել բանկերից։
«Այս իրավիճակի միակ պատճառը դու՛ ես, Էրդողա՛ն։ Քո անձնիշխանությունն է երկիրն հասցրել այս վիճակին»։
Նշենք, որ Թուքիայի նախագահ Էրդողանը երեկ գնումներ է արել Քըսըքլըում բացված խանութներից մեկում։ Լրագրողների հարցերին պատասխանելիս նշել է, որ իր այցելած խանութի գները շատ հարմար են քաղաքացիների գրպանի համար, այդ իսկ պատճառով հանձնարարել է սկզբնական փուլում շուրջ հազար նմանատիպ խանութ բացել Թուրքիայի ողջ տարածքում։