
Ազգային տոնի առթիվ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անգելա Մերկելին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է.
«Ձերդ Գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ:
31 տարի առաջ այս օրը պատմության մեջ շրջադարձային էր: Գերմանիայի ժողովուրդն օգտվեց ինքնորոշման իր անքակտելի իրավունքից՝ խաղաղ ճանապարհով հասնելով վերամիավորման:
Լինելով կայուն ժողովրդավարական համակարգ ունեցող երկիր` Գերմանիան շարունակում է մնալ միջազգային հանրության կարևոր և վստահելի անդամ:
Մենք մեծապես արժևորում ենք Գերմանիայի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը՝ քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, միջխորհրդարանական, ապակենտրոնացված և մի շարք այլ ոլորտներում:
Ուրախ եմ փաստել, որ այս ուղղությամբ վերջին տարիներին էական առաջընթաց է գրանցվել:
Լիահույս եմ, որ հետևողական քայլերով առավել կամրապնդենք հայ-գերմանական բարեկամական կապերը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին` բարօրություն»: