Բաժիններ՝

Ե՞րբ են սկսելու համատեղ աշխատել Պետական կամերային և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական  թատրոնները

Պետական կամերային երաժշտական թատրոնը միացավ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին։ Նման որոշում էր կայացվել կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի ժամանակ. հարցը չզեկուցվող է եղել։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս առնչությամբ հայտարարություն էր տարածել` նշելով, որ թատրոնների միավորումը հնարավորություն է տալիս պահպանել Կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմի մասնագիտական գործունեության շարունակականությունը և լուծել մշակույթի ոլորտում առկա կարևոր խնդիրը՝ միջազգային ճանաչում և բարձր վարկանիշ ունեցող կոլեկտիվի բնականոն գործունեությանն անհրաժեշտ միջավայրի ձևավորումը։

Հայտարարության մեջ նշված էր նաև, որ Կամերային երաժշտական թատրոնը հեռացել է իր կանոնադրական նպատակներից և չի տիրապետում երաժշտական թատրոնի գործունեությանն անհրաժեշտ ստեղծագործական և տեխնիկական բաղադրիչներին. թատրոնը չունի նվագախումբ, երգչախումբ և պարային խումբ, որոնք, սակայն, ունի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը։ Այսպիսով, միավորումը Կամերային երաժշտական թատրոնին ոչ միայն կազմալուծվելու վտանգի առաջ չկանգնելու, այլև ստեղծագործական գործունեությունը բարենպաստ պայմաններում շարունակելու հնարավորություն է տալիս: Արդյունքում՝ կբարձրանա թատրոնների գործունեության արդյունավետությունը:

Կամերային երաժշտական թատրոնի դերասաններից փորձեցինք ճշտել, թե արդյո՞ք արդեն սկսել են համատեղ աշխատել, վերջինները հայտնեցին, որ դեռևս Կամերային երաժշտական թատրոնում են, հայտնի չէ, թե երբ են տեղափոխվելու:

ԿԳՄՍՆ-ից էլ տեղեկացրեցին, որ միացման գործընթացը, համապատասխան օրենսդրության համաձայն, շարունակվում է և կարող է մի քանի ամիս տևել:

Հավելենք, որ գործադիրի նույն որոշմամբ՝ «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ին պատկանող Երևան քաղաքի Պռոշյան փողոց 1-ին փակուղի հ. 1 հասցեի 403,4 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը և դրա զբաղեցրած 0,056035 հա հողատարածքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրվել է «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին: Ըստ այդմ՝ «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն ապահովվում է շենքային պայմաններով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս