
Կատարում առաջին անգամ մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Կատարի պատմության ընթացքում առաջին անգամ հոկտեմբերի 2-ին երկրում մեկնարկել են խորհրդարանի գործառույթներ իրականացնող մարմնի՝ Մեջլիս աշ-Շուրայի (Խորհրդատվական խորհուրդ) ընտրությունները: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, քվեարկությունը կիրականացվի երկրի 30 ընտրական շրջանում:
Խորհրդատվական խորհրդի 30 տեղի համար պայքարում են 284 թեկնածու, որից 10 տոկոսը կանայք են: Ընտրությունների արդյունքները կհայտարարվեն քվեարկության ավարտից՝ տեղի ժամանակով 18:00-ից և ձայների հաշվարկից անմիջապես հետո:
Կատարի բնակիչները երկրում առաջին ընտրությունների անցկացումը պատմական են որակել:
Պատգամավորները պաշտոնավարելու են 4 տարի: Իրենց թեկնածությունը կարող էին առաջադրել բոլոր այն կատարցիները, ում նախնիները այդտեղ են ապրել մինչև 1930 թվականը, 30 տարեկանից բարձր են, լավ տիրապետում են արաբերենին, դատված չեն եղել՝ այդ թվում և ոչ բարոյական պահվածքի համար:
Ընտրելու իրավունք ունի 18 տարին լրացած անձը, ով չունի դատվածություն: