Ինչ աշխատուժ է ժամանել Իրանից և ինչպես է հաջողվել ապահովել իրանցիների մուտքն Արցախ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանն ասում է, որ Արցախում ընթացող շինարարական աշխատանքներին մասնակցում են թե՛ Հայաստանից ժամանած, թե՛ Արցախի քաղաքացիները։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով հանգամանքին, որ Արցախում շինաշխատանքներ իրականցանելու համար նաեւ Իրանից է աշխատուժ ժամանել՝ նշում է. «Չեմ կարող ասել, թե կոնկերտ ինչ աշխատուժ է եղել, բայց գիտեմ, որ արտասահմանյան մասնագետներ են գալիս, իրենց հետ տարբեր սարքավորումներ են բերում»։
Մեր դիտարկմանը, թե նրանք ոչ թե սարքավորումներ են բերել, այլ ուղղակի շինարարական աշխատանք անելու համար են եկել, Ղազարյանն արձագանքեց, որ իսկապես չի տիրապետում, թե Իրանից եկած քաղաքացիները կոնկրետ ինչ աշխատանք են անում։ «Կարող եմ ասել միայն, որ շուկայում մեծ պահանջարկ կա` շինարարության տարբեր բնագավառների հետ կապված: Գուցե նեղ մասնագետներ են նրանք, կամ շինանյութ են տեղափոխել Արցախ: Փաստն այն է, որ Արցախում այս պահին մեծ թափով շինարարություն է ընթանում, ու մեծ թվով մասնագետների պահանջարկ կա»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է հանգամանքին, որ Արցախ մուտք գործելն այժմ խիստ բարդացել է, ու սփյուռքի մեր հայրենակիցները նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո հիմնականում չեն կարողանում հայկական երկրորդ պետություն այցելել, հետեւաբար ինչպես է հաջողվել ապահովել իրանցիների մուտքն Արցախ, մեր զրուցակիցն այսպես է պատասխանում. «Արցախ մուտք գործելու ռեժիմն, այո, որոշակի փոփոխության է ենթարկվել հասկանալի պատճառներով:
Անվտանգային հարցեր կան, ու պետք է խուսափենք հնարավոր սադրանքներից: Չի բացառվում, որ մեր թշնամիները՝ իմանան` արտասահմանյան այցելուներ են Արցախ մեկնողները, ու փորձեն ինչ-որ խնդիրներ ստեղծել։ Դրա համար ստիպված ենք այս բարդ ռեժիմին համապատասխան գործել:
Օտարերկրյա քաղաքացիների այցի դեպքում միշտ էլ կա խնդիրը, իսկ կոնկրետ իրանցիների դեպքում, ըստ երեւույթին, ներկայացվել է այցելության կոնկրետ նպատակը, այսինքն` համաձայնություն է եղել կոնկերտ օղակների հետ»։