Ի՞նչ գործ ունեք Նախիջևանի հետ, դա ձեզ տրվել է ապօրինի օրենքով. Հայրիկյանը՝ Ադրբեջանին

«Հատկապես «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելիս երբեք որևէ մեկը չի ասում, թե՝ մի րոպե, դուք ուզում եք այսօր ձեզ պատկանող տարածքներից ճանապարհ ունենալ դեպի ժամանակավորապես  օկուպացված Նախիջևա՞ն: Ի՞նչ գործ ունեք Նախիջևանի հետ: Դա ձեզ տրվել է ապօրինի օրենքով, վաղը Հայաստանում կարգին իշխանություններ են լինելու, նրանք դիմելու են միջազգային դատարան, որտեղ հստակեցվելու է, որ 1921թ. Հայաստանից վերցված տարածքը չի կարող պատկանել Ադրբեջանին»,- «Հայելի» ակումբում մամլո ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ ընդգծելով, որ դիվանագիտությունը պետք է ունենա ռազմավարական ընկալում, հետո դա դարձնի ռազմավարություն:

«Լենին-Պարտիա-Գորբաչով գոռացող Լևո՞նը դա պետք է աներ: 1990 թվականին անկախության դեմ արտահայտվող Լևոնի թի՞մը պետք է աներ: Երկու տարի մեզ պետք եղավ, որ նրանց դաստիարակենք, հասկացնենք անկախության կարևորությունը»,- հավելեց նա:

Հայրիկյանը շեշտեց՝ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերութունների առանցքում կա միջազգային իրավունքի տեսակետից ապօրինի, անընդունելի պայմանագիր, որով կարգավորված են տարածքները:

«Հիմա տեսեք, թե թուրքական ռազմավարականն ի՞նչ է անում ադրբեջանականի հետ միասին. հայերին վարժեցնում է արդեն, որ Նախիջևանը այնքան է մերը, որ միջանցք ենք բացում: Ի՞նչ Կարս, Արդահան, ի՞նչ Վիլսոնի իրավարար վճիռ: Լսե՞լ եք, որ որևէ դիվանագետ ասի՝ դուք ասում եք, որ Արցախը ձեզ է պատկանում. Բայց 1920թ. օգոստոսի 10-ին 11-րդ բանակը Հայաստանի իշխանություններից է խնդրել  Արցախ, Նախիջևան մտնելու իրավունք: Երեք նախագահներով ու այս անշնորհքով վավերացրել եք, որ սա է կարգավիճակը: Թուրքական ռազմավարական միտքը ոչնչացնում է նաև երազը, թաղվում է վերջնականապես հայկական դիվանագիտությունը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ հնարավոր է՝ նոր փաստաթուղթ ստորագրվի, Պարույր Հայրիկյանը նկատեց. «Առաջինն ապօրինի է, պետք է խոսել միջազգային իրավունքի հիման վրա: Պետք է ասել, որ այսօր էլ սպառնալիքները շարունակվում են՝ այն պատճառով, որ ուժի սպառնալիքը չդատապարտվեց»:

Տեսանյութեր

Լրահոս