ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:

«Ուրախ եմ Ֆրանսիան ներկայացնել մի երկրում, որի հետ իմ երկիրն առանձնահատուկ հարաբերություններ ունի: Կանեմ ամեն ինչ՝ ավելի զարգացնելու երկկողմ կապերը»,- նշել է նորանշանակ դեսպանը և նախագահ Սարգսյանին փոխանցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ջերմ ողջույնները:

Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ երկուստեք ջանքերով հայ-ֆրանսիական արդեն իսկ ընդգրկուն օրակարգը կհարստացվի նոր գաղափարներով և նախաձեռնություններով:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի և Ֆրանսիայի՝ դարերի խորքից եկող բարեկամությունը, մեր պետությունների առանձնահատուկ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և փոխվստահությունը լուրջ հիմք են հայ-ֆրանսիական համագործակցության հետագա զարգացման համար:

Հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանն արժևորում է մեր երկրի համար ծանր ու դժվարին օրերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ֆրանսիայի ժողովրդի աջակցությունն ու համերաշխությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական համագործակցության տարբեր ոլորտներին: Նախագահ Սարգսյանը հեռանկարային է դիտարկել գործակցությունը նորագույն տեխնոլոգիաների բնագավառում: Նա ներկայացրել է ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը, որը, լինելով ապագային միտված ծրագիր, կենտրոնանալու է երկրի գիտատեխնոլոգիական, կրթական զարգացման վրա: Համագործակցության վերաբերյալ արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ կան նաև ֆրանսիական մի շարք խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների հետ: «Հայաստանը Ֆրանսիայի աջակցությամբ կարող է կառուցել ապագայի լոկոմոտիվները, դրանք տեխնոլոգիական լոկոմոտիվներն են»,-նշել է նախագահը:

Խոսվել է նաև կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հավակնոտ ծրագրերի իրականացման մասին, որոնց միջոցով, ինչպես նշել է դեսպանը, ֆրանսիական կողմը պատրաստ է Հայաստանում ներդնել իր փորձը:

Տեսանյութեր

Լրահոս