Պարեկներին կտրվի զենք պահելու և կրելու իրավունք

Արդարադատության նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրել «ՀՀ կառավարության 2009թ. նոյեմբերի 26-ի թիվ 1366-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է զենք պահելու և կրելու իրավունք տալ պարեկային ծառայողներին:

Նախագծի հիմնավորման մեջ մասնավորապես նշված է, որ «Կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 1366-Ն որոշմամբ սահմանված է, որ պահելու և կրելու իրավունքով զենք հատկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտած կամ հատուկ պատրաստություն կամ վերապատրաստում անցած` ոստիկանության ավագ, միջին և կրտսեր պաշտոններ զբաղեցնող՝ ստուգարքն անցած  ծառայողներին, բացի ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից»:

Ներկայում պարեկային ծառայողներն իրենց ծառայությունն իրականացնում են առանց զենքի, մինչդեռ, ըստ նախագծի հեղինակներ,  դրա անհրաժեշտությունը կա,  իսկ դրա համար ստուգարք կազմակերպելը նպատակահարմար չէ, քանի որ նրանք  արդեն իսկ անցել են համապատասխան կրակային պատրաստականություն:

Հիմնավորման մեջ ներկայացված է նաև լրացուցիչ պարզաբանում, որ  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում նրանց համար անց է կացվել 40 ժամ կրակային պատրաստականության և տրամադրվել էր  40 փամփուշտ, իսկ ուսուցման նոր փուլի համար նախատեսվում է 44 ժամ և 45 փամփուշտ:

Արդարադատության նախարարությունը մշակված նախագծով  և դրա կիրառմամբ  նպատակ ունի  ապահովել Պարեկային ծառայության գործառույթների առավել արդյունավետ իրականացումը:

Իսկ այդ ամեն համար պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: Ըստ ներկայացվածի՝ ոստիկանությունն արդեն իսկ ձեռք է բերել նոր տեսակի ատրճանակների բավարար խմբաքանակ:

Տեսանյութեր

Լրահոս