Ովքեր են ցուցմունք տվել Մենուա Հովսեփյանի և Հակոբ Արշակյանի դեմ․ նրանցից մեկը տարիներ առաջ Շուռնուխում գեյ-շքերթ կազմակերպած անձի հայրն է․ փաստաբան

Օգոստոսի 18-ից կալանավորված Գորիսի նախկին փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի գործի նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մենուա Հովսեփյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։

«Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կլինի առաջին նախնական նիստը, որտեղ քննության կառնվի Մենուայի խափանման միջոցի հարցը, դրանից հետո արդեն կընթանա դատաքննությունը։

Մենուա Հովսեփյանի կարծիքն այս ամենի վերաբերյալ մեկն է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Մենուան որևէ հանցանք չի կատարել, խնդիրը կայանում է նրանում, որ Մենուայի դեմ ցուցմունք են տվել երկու ոստիկանապետ։

Մեկը՝ Վայոց  Ձորի ոստիկանապետը, որը հակասական ցուցմունք է տվել, իսկ Գորիսի ոստիկանապետն այլևս չի ուզեցել կամ չի ցանկացել ցուցմունք տալ, որովհետև իրավապահ մարմինների աշխատակից է, անիմաստ համարեցին։

Բերել էին նաև տարիներ առաջ Շուռնուխում գեյ-շքերթ կազմակերպած անձի հորը, որը, ըստ իս, մի խայտառակ ցուցմունք տվեց, ամբողջովին հակասական, ամբողջովին թելադրված ու ուղղորդված։ Այդ մարդն ինքն իրեն ամեն քայլափոխի հերքում էր։

Սկզբում ասում էր, որ ամեն ինչ Մենուան է կազմակերպել, մարդկանց օղի է հյուրասիրել, վարչապետի մեքենան անցնելուց մատով ցույց է տվել ու ասել է՝ հարվածեք նրա մեքենային։ Հետո այդ ամենը մոռանում է ու ասում, թե մինչև վարչապետի գալը հեռացել է, այսինքն՝ չէր կարող ամեն ինչը տեսնել, հետո էլ, թե՝ հետ է եկել ու կանգնել Շուռնուխ տանող ճանապարհի վրա։ Թե այդ ճանապարհին կանգնելով այդքան հեռավորությունից, երկու ոստիկանական պատից ու այդքան ժողովրդից հետո Մենուային կանգնած ինչպե՞ս է տեսել ու լսել նրա խոսքը՝ անհասկանալի է։ Այս ամենն ինձ համար ակնհայտ սուտ ցուցմունք է՝ իր հետևանքներով»,- նշեց Մենուա Հովսեփյանի փաստաբանը։

Արմեն Մելքոնյանը նաև շեշտեց, որ հիշյալ անձը ցուցմունք է տվել ոչ միայն Մենուայի, այլև Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի դեմ։

Հակոբ Արշակյանին մեղադրել է բազմաթիվ հանցագործություններ կատարելու մեջ, որոնք բոլորը հերքվել են։ Ըստ նրա՝ թշնամությունը Հակոբ Արշակյանի նկատմամբ առաջացել է այն պատճառով, որ Հ. Արշակյանը բացահայտել է, որ նրա տղան համասեռամոլ է։

«Դրա համար, այսպես ասած, այդ մարդը ոխն է հանում»,- հավելեց փաստաբանը։

Միաժամանակ նա հույս հայտնեց, որ դատարանում կհասնեն Մենուա Հովսեփյանի արդարացմանը։

«Սա այնքան սարքած ու կարված գործ է, որ կարծում եմ՝ պիտի դրական արդյունք ունենանք։ Դատական նիստերը բոլորի աչքի առջև են անցնելու, հանրությունը կտեսնի և կլսի այդ ցուցմունքները և դրանց ապացույցները»,- եզրափակեց Արմեն Մելքոնյանը։

Հիշեցնենք՝ Մենուա Հովսեփյանը ձերբակալվել էր Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու, նաև Քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով՝ պաշտոնեական դիրքը և ծառայողական կախվածությունն օգտագործելով նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով»։

Տեսանյութեր

Լրահոս