Ոչ մի լումա չեն ստացել. «Ազգային մոլ»-ից տուժած տնտեսվարողները դիմել են դատարան
Հունվարի 30-ին Թբիլիսյան խճուղի 26/8 հասցեում բացվեց Ազգային մոլը, որը մեկ տանիքի ներքո պետք է համախմբեր բոլոր հայ արտադրողներին։ Շատերը ոգևորվել, տաղավարներ են վարձակալել ու ներկայացրել հայրենի արտադրանքը, սակայն մի քանի ամիս անց տնտեսվարողների զգալի հատվածը հայտնվել է դատական քաշքշուկների մեջ՝ իրենց կորցրած գումարները հետ բերելու համար։ Պատճառ այն է, որ «Ազգային մոլը» ֆինանսական խնդիրների առջև է կանգնել:
Կազմակերպիչները ժամանակին և պայմանավորված կերպով չեն վճարել տարածքի գումարը, մի շարք տնտեսվարողների չեն փոխհատուցել ապրանքների համար, և Թբիլիսյան խճուղի 26/8 հասցեից հեռանալուց հետո շատերին չեն վերադարձրել նախապես գանձված վարձակալության գումարները:
Պարզվում է՝ նախագծի կազմակերպիչները տարածք են վարձակալել Թբիլիսյան խճուղում գտնվող շենքում, որը սկսել են ծառայեցնել՝ որպես «Ազգային մոլ», տնտեսվարողներն էլ իրենց հերթին են տարածքներ վարձակալել արդեն կազմակերպիչներից, այսինքն՝ տնտեսվարողները դարձել են ենթավարձակալներ: Ավելին, վաճառքը ոչ թե տնտեսվարողներն են կազմակերպել, այլ իրենց ապրանքը հանձնել են կազմակերպիչներին, որոնք պարտավորվել են տեղում կազմակերպել վաճառքն ու իրենց հասանելիք տոկոսները հանելուց հետո մնացած հասույթը փոխանցել տնտեսվարողներին։
Մինչ օրս տնտեսվարողների մեծ մասը չի ստացել իր գումարը:
«Որևէ մեկի չեն փոխանցել ու երևի ոչ էլ կփոխանցեն»,- մեզ հետ զրույցում ասաց տնտեսվարողներից Արմենը:
Տնտեսվարողներից մյուսն էլ՝ Աննան, հայտնեց. «Ես էլ հունվար ամսից ոչ մի լումա չեմ ստացել»:
Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը, սակայն, չի պատրաստվում հանձնվել՝ դիմել է դատարան:
Պարզվում է՝ իրենք պայմանագիր են կնքել 2021 թվականի ապրիլի 28-ին, իսկ մեկ օր անց 12 ամսվա համար կանխավճար են փոխանցել՝ ստենդը դնելու համար, որը ամսական կազմել է 15.000 դրամ:
«Ապրիլի 29-ին՝ գումարը փոխանցելուց 7-10 օր հետո, հայտնաբերում ենք, որ մոլը փակվել է, սակայն մենք ունեցել ենք մեկ տարվա պայմանագիր՝ կանխավճարի տեսքով, իսկ այդ գումարը մեր արտադրությանը տրամադրել էր «Ջինիշյան» հիմնադրամը: Հիմա շատ պարադոքսալ իրավիճակ է: Եթե դու գիտես, որ շուտով փակվելու ես, և մեկ տարի ժամկետով պայմանագիր ես կնքում, դա արդեն լրիվ խաբեություն է:
Մենք դիմել ենք դատարան, տեսնենք՝ ինչ կլինի: Մի քանի օրվա ընթացքում մոտ 13.000 դրամի վաճառք է եղել, 180.000 դրամ էլ մեկ տարվա կանխավճարն է, միասին ստացվում է մոտ 200.000 դրամ: Մոտ երկու ամիս առաջ գրավոր հայցադիմում եմ ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ գումարը բռնագանձելու պահանջով, սակայն մինչև այսօր ոչ մի արձագանք չեմ ստացել դատարանից»,- մանրամասնեց Անուշ Ասլանյանը: