Շվեդիայում չեղարկում են կորոնավիրուսային գրեթե բոլոր սահմանափակումները
Շվեդիայում սեպտեմբերի 29-ից չեղարկում են գրեթե բոլոր այն սահմանափակումները, որոնք մտցվել էին COVID-19 կորոնավիրուսի համավարակի պատճառով. մասնավորապես այժմ կարելի է առանց սահմանափակումների այցելել սրճարաններ, ռեստորաններ եւ հանրային միջոցառումներ: Այդ մասին հաղորդել է he Local հրատարակությունը: The Local-ի տվյալներով՝ չեղարկվում է հանրային հաստատություններում սեղանների միջեւ հեռավորության պահպանումը, ինչպես նաեւ՝ բարերում եւ ռեստորաններում այցելուների քանակության սահմանափակումը:
Ավելի վաղ անհրաժեշտ էր, որպեսզի հաստատություններում մարդկանց խմբերը միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորություն պահպանեին: Բացի դրանից, հաստատությունում թույլատրվել է գտնվել ոչ ավելի, քան ութ մարդ: Նաեւ չեղարկվել են միջոցառումների, այդ թվում՝ համերգներ, խոշոր սպորտային իրադարձություններ այցելելու սահմանափակումները: Այժմ միջոցառման գնալու համար հարկավոր չէ ներկայացնել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք կամ COVID-19-ի դեմ պատվաստման ապացույց: Դրանից առաջ հաստատության ներսում միջոցառմանը մարդկանց առավելագույն թույլատրելի թիվը կազմել է 300, իսկ բացօդյա՝ 3 հազար մարդ: Բացի դրանից, հանվել են տնից աշխատանք հանձնարարականները, որոնք գործել են 2020 թվականի գարնանից:
Սեպտեմբերի 29-ից աշխատողներին հանձնարարում են աստիճանաբար վերադառնալ իրենց աշխատանքային վայրեր: Դրա հետ մեկտեղ, եթե աշխատողի մոտ հիվանդության ախտանշաններ կան, ապա նա առաջվա պես պետք է աշխատի տնից եւ COVID-19-ի թեստ հանձնի: Միեւնույն ժամանակ մարդիկ, որոնք պատվաստում չեն ստացել, առաջվա պես պետք է սոցիալական հեռավորություն պահպանեն այն մարդկանց հետ, որոնք շփման մերձավոր շրջապատից չեն եւ խուսափեն ռիսկի խմբի մարդկանց հետ շփումներից: Շվեդիայում COVID-19-ի համավարակի սկսվելուց ի վեր հայտնաբերվել է ախտահարման ավելի քան 1,15 միլիոն դեպք, 14,8 հազարը մահացել են: Դրա հետ մեկտեղ գրանցվել է կորոնավիրուսից ապաքինման 1,1 մլն դեպք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: