Բացահայտվել է «Վարդաշեն» ՔԿՀ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների փոխադրման դեպք
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 27-ին՝ ժամը 18։40-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկ վերադարձած, բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Օ. Հ.-ին: ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ խուզարկության արդյունքում վերջինիս ուսապարկում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի՝ 1,43 գրամ քաշով մեթամֆետամին և 5,02 գրամ քաշով հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, ինչպես նաև խոշոր չափի՝ ընդհանուր 8,53 գրամ քաշով հաշիշ:
ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 268-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: