«Հիմա է իրական բլոկադան, որի դառը արդյունքները մենք դեռ կզգանք». Սերգեյ Շաքարյանց

Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն անդրադառնալով 44-օրյա պատերազմի տարելիցին՝ ասաց, որ ինքը մտովի համեմատականներ է անցկացնում Արցախյան առաջին պատերազմի հետ:

«Ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում հայերն այսպես ընկճված չեն եղել, ինչպես անցյալ տարի: Կոչեր եղան, կամավորներ գնացին, գրանցվեցին զինկոմիսարիատներում, սակայն գիտակից մարդիկ չէին կարողանում հավատալ, որ դա կբերի գոնե զրոյական արդյունքի, այսինքն՝ հնարավոր կլինի պահպանել գոնե ստատուս-քվոն: Դա բխում էր այն փաստից, որ 2018-ից մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը Հայաստանում իշխում են ոչ հայերը: Առաջարկում եմ բոլորին, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմությանը, ձերբազատվել «դավաճան» բառից, քանի որ, եթե 100 տոկոսով գիտեք, որ դավաճաններ են, ու չեք խփում, չեք պատժում դավաճաններին, ուրեմն դուք նույն կարգի դավաճաններ եք, ուղղակի ասեք, որ նրանք ոչ հայեր են, իսկ ոչ հայի համար նսեմացնել, ոչնչացնել Հայաստանը՝ ամենավարդագույն, կապտագույն, բաց կապույտ երազանքն է: Ի՞նչ եք ուզում ոչ հայերից, որ հայանպաստ գործ անե՞ն, մոռացեք»,- ասաց Շաքարյանցը:

Քաղաքագետը վստահ է՝ մենք ոչ թե գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, այլ հակառակը:

«Մեզ պաշարել են հիմա, հիմա է իրական բլոկադան, շրջափակումը, որի դառը արդյունքները մենք դեռ կզգանք… 2020թ.-ի սեպտեմբերի 27-ը և նոյեմբերի 9-ը դարձել են մեր ազգային խայտառակության ժամանակահատվածը: Դիմում եմ այն մարդկանց, ովքեր ասում են՝ հրաման ենք ստացել, դուրս ենք եկել Շուշիից, մի կատարիր նման հրաման, հա՞յ ես, թե՞ հայ չես, հրամա՞ն են տվել ոչ հայերը՝ դուրս եկեք Քարվաճառից, դուրս մի եկեք, ըմբոստացեք: Խայտառակությունը շարունակվում է, չգիտես՝ ուր գնաս թաքնվես այդ խայտառակությունից, որովհետև այդ խայտառակությունը զրկում է մեզ հայ մնալու ապագայից»,- ասաց նա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն օրեր առաջ հայտարարել էր, թե Վրաստանի վարչապետի միջոցով Նիկոլ Փաշինյանն իրեն հանդիպման առաջարկ է արել, սա, ըստ էության, հաստատեց նաև հայկական կողմը:  Էրդողանը նաև տարակուսել էր, թե մի կողմից՝ Փաշինյանը հայտարարում է, որ հայկական կողմը չի քննարկում Նախիջևանի միջանցքի հարցը, մյուս կողմից՝ իրեն հանդիպելու ցանկություն է հայտնում, և պնդել էր, որ պետք է հստակ քայլեր ձեռնարկել, մինչև նման առաջարկ անելը:

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի գնահատմամբ՝ Թուրքիայի նախագահը նախապայմաններ է ներկայացրել ՀՀ վարչապետին.

«Դրվել են նույն նախապայմանները, որից հրաժարվել էր Հանրապետական կուսակցությունը և Սերժ Սարգսյանը: Նա հետ էր կանչել հայտնի արձանագրությունները և պրակտիկորեն հրաժարվել է շարունակել նույն թեմայով խոսել: Իսկ էս Լևոնի շունիկը պատրաստ է, այդ նախապայմաններին ևս մի շարք նախապայմաններ են գումարվել»,- ասաց Շաքարյանցը:

Քաղաքագետին բարկացնում է այն փաստը, որ սոցցանցերում ուրախություն է, թե Իրանը զորավարժություններ է անում:

«Դու արա, մի սպասիր, որ Իրանը բան անի, դու պետք է անես, անողը դու պետք է լինես: Իրանն էլ հանկարծակի կհիշի, որ դու Իրանի վարչական, թեկուզև 19-րդ դարի վարչական կազմի մասնիկն ես՝ Երևանի խանություն ես, ոչ թե Հայաստանի Հանրապետություն… ասում են՝ Իրանը զորքերը քաշել է դեպի Կովկասի Թաթարստան, դու ի՞նչ կապ ունես դրա հետ»,- հարցով ավարտեց միտքը քաղաքագետը:

Տեսանյութեր

Լրահոս