Առողջապահության նախարարությունը՝ մարզային բուժհաստատություններում միայն «Աստրա Զենեկա»-ով պատվաստելու լուրերի մասին

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ տևական ժամանակ է՝ մարզերի բնակիչներից հեռախոսազանգեր է ստանում այն մասին, որ իրենք ցանկանում են պատվաստվել չինական կամ «Սպուտնիկ V» պատվաստանյութերով, սակայն իրենց տարածքային պոլիկլինիկաներում դրանք չկան, «Աստրա Զենեկա» են հիմնականում առաջարկում: Այսինքն՝ մարզային բուժհաստատությունները ոչ բոլոր պատվաստանյութերով են հագեցած:

Իրենց դիմել նաև Գեղարքունիքի, Սյունիքի, Լոռու մարզերի բնակիչները, որոնց խոսքերով՝ իրենց տարածքային ամբուլատորիաներում առկա է միայն «Աստրա Զենեկա» պատվաստանյութը, որի նկատմամբ բնակչությունը վստահություն չունի: Թե երբ բուժհաստատությունները կստանան մյուս պատվաստանյութերը, հայտնի չէ:

Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը մեզ հետ զրույցում հերքեց տարածված տեղեկությունը՝ նշելով. «Եթե որևէ պոլիկլինիկայում այդ պահին չի լինում այս կամ այն պատվաստանյութը, դա նշանակում է, որ խմբաքանակը վերջացել է, սակայն վերաբաշխում է լինում, ու նորից ստանում են հենց նույն օրը: Ամբողջ Հանրապետությունն ապահովված է երեք պատվաստանյութով, արդեն ստացել ենք նաև «Սպուտնիկ V»-ի առաջին չափաբաժինը ևս, կատարվում է վերաբաշխում»:

Հավելենք, որ սեպտեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 260 675 դեպք, որոնցից 241 191-ը` առողջացած, 5299-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12977 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 705 213 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6402 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 896 նոր դեպք: Կա  461 առողջացած, 22 մահվան դեպք:

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 26-ի դրությամբ` կատարվել է 408535 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 264695, երկրորդ դեղաչափ` 143840։ «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Տեսանյութեր

Լրահոս